Չպետք է բլոկադան ազդի մեր կրթության, ինքության և մեր ապրելու վրա․ արցախցի ուսուցիչ

Չպետք է բլոկադան ազդի մեր կրթության, ինքության և մեր ապրելու վրա․ արցախցի ուսուցիչ

Երբ առաջին անգամ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, անտեսելով անգամ արձակուրդը գնացինք դպրոց. ինչ ուրախություն էր, ոգևորություն, որը դարձյալ կարճ տևեց, քանի որ գազը նորից անջատեցին։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N 2 դպրոցի ուսուցչուհի Գոհար Սարգսյանը։ 

Նա դասվար է, ով  կրթում է 1-4 դասարանում սովորող աշակերտներին։

Այժմ Արցախում բոլոր դպրոցները փակ են, քանի որ չեն ջեռուցվում, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը.

«Երբ վերջին անգամ գազամատակարարումը դադարեցվեց, ճիշտ է պետականորեն չհայտարարվեց, որ մենք պետք է օնլայն դաս անենք, բայց մեր կոլեկտիվի ներսում որոշվեց, որ վերահսկողություն պահենք, այսինքն՝ անգործության չմատնվենք ո՛չ մենք, ո՛չ էլ երեխաները»,-ասաց Գոհար Սարգսյանը։

Այսպիսով՝ Արցախում կազմակերպվում է դասապրոցեսը՝ շեշտը դնելով աշակերտների ինքնակրթության վրա, ուսուցիչներն օնլայն հավելվածների միջոցով աշակերտներին ուղարկում են հանձնարարականներ, իսկ աշակերտները դրանք տանն են կատարում։

Գոհար Սարգսյանը երկու օր փորձել է օնլայն տարբերակով անցկացնել դասերը, չնայած պետական հրաման այդ մասով չկար, սակայն փորձը ձախողվել է։

«Միացել  էր երկու-երեք  աշակերտ ու դասի ավարտից հետո մնացած 30 ծնողները գրել էին, որ լույս չունեն ու ինտերնետ կապը չի գործում, այսօրվանից էլ հոսանքն արդեն երկու ժամը մեկ անջատում են»,-ասաց ուսուցչուհին, հավելելով, որ այս կերպ երեխաներին մատնում են անգրագիտության, ազգը դատապարտում կործանման։ 

Բայց հույս ունի. «Միգուցե վառարաններ դնեն, փայտ տանեն»։

Գոհար Սարգսյանի խոսքով՝ Արցախում դասապրոցեսի ընդհատմանը հիմնականում խանգարել է գազամատակարարման անջատումը, քանի որ մինչ այդ գնում էին դպրոց և շրջափակումը չէր ազդում կրթության վրա։

«Երեխաներն այն տարիքում են, որ իրենք դպրոց չգան, կարող է և ուրախանան, բայց մենք գիտենք, որ պարտադիր պետք է գնան դպրոց։ Մենք հենց հայ մնալու համար պետք է դպրոց գնանք, ես իմ դասը սկսում եմ հայրենասիրությամբ, ավարտում հայրենասիրությամբ։ Մենք պետք է կարողանանք պահել մեր ինքնությունը»,-ասաց ուսուցչուհին։

Գոհար Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ամենահզոր զենքը գիտելիքն է, որ մեր սերունդներին զրկելով կրթությունից՝ տանում ենք պարտության։

«Ես աշակերտներիս ասում եմ, մենք անընդհատ պետք է ձգտնենք լավին, չպետք է թողնենք, որ բլոկադան ազդի մեր կրթության, ինքության և մեր ապրելու վրա։ Մենք ապրել, ապրում և ապրելու ենք Արցախում, մենք ուրիշ տեղ չունենք գնալու և հայ մնալու համար պետք է ստանանք հայեցի կրթություն»,- խոսքն ամփոփեց  ուսուցչուհին։

Հիշեցնենք, որ արդեն 45  օր ադրբեջանցիներն ապօրինի կերպով փակել են Արցախը  արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 120 000 արցախցի շրջափակման մեջ է, փաստացի գերության մեջ, որոնցից 30 000-ը երեխաներ են։

Շուշանիկ Միսկարյան