Որոշ քաղաքական թիմեր ունեն իրենց տեսակետը՝ սա է հիմնական տարաձայնությունը. Արցախցի պատգամավոր

Որոշ քաղաքական թիմեր ունեն իրենց տեսակետը՝ սա է հիմնական տարաձայնությունը. Արցախցի պատգամավոր

Արդեն 45-րդ օրն է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հայական երկրորդ պետությունում տիրող իրավիճակի մասին MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ։

-Ի՞նչ վիճակ է Արցախում։

-Արցախում իրավիճակը ծանր է։ Էլեկտրականությունը տրվում է հովհարային անջատման համապատասխան գրաֆիկով, գազ չկա, առհասարակ կյանքը դուրս է եկել բնականոն հունից։ Տառապանքները,  որոնք հաղթահարում է այս ժողովուրդը՝ օր օրի ավելի են ծանրանում, և չնայած արցախահայության տոկունությանը՝ պետք է ընդունենք, որ ծերերի և երեխաների համար այս ամենը հաղթահարելը չափազանց դժվար է, ինչը բնականաբար անդրադառնում է բոլորի հոգեբանության վրա։ Բոլորի նյարդերը գերլարված են։ 

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ճանապարհը բացելու ուղղությամբ։ Սերգեյ Լավրովն ասում էր՝ բանակցություններ են ընթանում, սակայն արցախյան կողմն ասում է՝ բանակցություններ չկան։ Ո՞ւմ պետք է հավատալ այս դեպքում։

-Ընթացող բանակցությունների մասին արդեն մեկ ամսից ավել է խոսում է ոչ միայն Լավրովը, այլև ՌԴ այլ պաշտոնյաներ, իսկ արդյո՞ւնքը։ Հավատում են առհասարակ ճիշտ խոսքին։ Հիմա, ըստ Ձեզ, մենք ենք խանգարո՞ւմ ճանապարհը բացելուն: Եթե Լավրովն ասում է, որ կա բանակցություն, ապա միգուցե ռուսական կո՞ղմն է բանակցում իր վրա  2020 թվականի նոյեմբերին վերցրած պարտավորությունները վերականգնելու ուղղությամբ։ Բայց որ արցախյան  կողմից բանակցությույն այս պահին չկա, դա ակնհայտ է։

-Ներքաղաքական իրարանցում կա՞ Արցախում, թե ոչ։ Ինչո՞վ եք պայմանավորում կադրային փոփոխություններն Արցախում։

-Մեծ հաշվով քաղաքական իրարանցում չկա, կա ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհների փնտրտուք։ Որոշ քաղաքական թիմեր ունեն իրենց տեսակետը ներկա իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու ուղղությամբ, որոշների մոտ այն տարբեր է։ Սա է հիմնական տարաձայնությունը, իսկ այն կարմիր գիծը, որն ունի յուրաքանչյուրն Արցախում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելուն ուղղված ջանքերից չնահանջելն է ու արցախահայության գոյապահպանությանն ուղղված պայքարը։ Կադրերի նշանակումներով զբաղվում է գործադիրը, կաշխատեն այդ կադրերը, կտան արդյունք՝ շատ լավ, չեն կարողանա, չեն հաջողի և կամ կճկվեն այդ ծանր բեռի տակ՝ հաստատ կբարձրաձայնեմ՝ առանց որևէ կաշկանդվածության։ Ուղղակի պետք է հասկանանք նաև, որ գործադիրը հիմա գտնվում է ծանրագույն վիճակում և իրենցից պահանջվում է մեծ ճիգեր՝ հաղթահարելու այս փորձությունը,  որն արդեն քանիցս բաժին է ընկնում մեր ժողովրդին  այս մոլորակում իր կյանքի իրավունքի պահպանման համար։

Լիաննա Թորոսյան