Մինչև հրդեհն Ազատում գյուղացիներն իրենց պաշտպանված էին զգում․ ի՞նչ է պատմում Ազատի բնակիչը

Մինչև հրդեհն Ազատում գյուղացիներն իրենց պաշտպանված էին զգում․ ի՞նչ է պատմում Ազատի բնակիչը

Երեկ հրդեհի վայրում մնացած զինվորական մեքենաները, տարաները և մնացյալ իրերը  հանել են գյուղից։ Ամեն ինչն էլ տարել են, չգիտեմ, թե կոնկրետ ուր են, մասնատված վիճակ էր, իմաստ էլ չկար այստեղ ինչ-որ բան թողնելու։

Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի բնակիչ Վարդան Ներսիսյանը՝ խոսելով հունվարի 19-ին հրդեհված զինանոցի մասին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:  Զոհվել էր 15 զինծառայող, վիրավորվել՝ 3-ը։

«Զինվորները շփվում էին գյուղացիների հետ, բոլորն էլ շատ լավն էին, մարդկային։ Գյուղացիներն իրենց պաշտպանված էին զգում, որ տղերքն այստեղ են։ Աստված մի արասցե, մի խնդիր լիներ գյուղում, գյուղացիները հույս ունեին, որ ավտոմատավորներ կան, հիմա ստացվում է՝ իրենք ունեին պաշտպանության կարիք»,-ասաց նա։

Խոսելով դեպքի վարկածների մասին, վերջինս նշեց՝ հաստատ է, որ հրդեհ էր, բայց այս օրերին այնքան վարկածներ են լսել, որ չգիտեն ինչին հավատալ։

«Վիրավորներից մեկի հարցազրույցը տեսա, որ ասում էր՝ դուռը փակ է եղել, եթե այդպես՝ իրական շոկ է, ո՞նց կարող էր բանական մարդը միտումնավոր այդ քայլին գնար, չի տեղավորվում ուղեղիս մեջ։ Եթե դիտավորյալ է եղել, բառերն ավելորդ են։ Գյուղում վախ չկա, բայց ոչ մեկը տրամադրություն չունի, ում հանդիպում ես՝  միայն հրդեհից ու զոհերից է խոսում, ասում են՝ ի՞նչ եղավ, ինչի՞ հենց մեր գյուղում եղավ»։

Լիաննա Թորոսյան