Ոչ միայն Պապիկյանը, այլ ամբողջ կառավարությունը պիտի հրաժարական տա. Մելիքյան

Ոչ միայն Պապիկյանը, այլ ամբողջ կառավարությունը պիտի հրաժարական տա. Մելիքյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 ժամկետային զինծառայողի ողբերգական մահից հետո հանրության մի հատվածը քննարկում ու պահանջում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։

Սակայն, ինչպես MediaHub-ը երեկ գրել էր՝ ՔՊ-ականները իրենց օրակարգում Պապիկյանի հրաժարականի հարց չեն քննարկում։ 

Դեպքից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ արվեցին, ինչպես 44-օրյա պատերազմից հետո, երբ քաղաքական ղեկավարությանը պետք է քավության նոխազ գտներ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է՝ ոչ միայն Պապիկյանը, այլեւ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։ 

«Սա անբարոյականություն է։ Հայաստանից ցավակցություն են հայտնում Թուրքիայում՝ մահվան ելքով դեպքերի ժամանակ, բայց մեր պետությունը անգամ սգո օր չհայտարարեց իր զինվորների մահվան կապակցությամբ։ Սա սարսափելի է։ Հայկական պետականության կործանումը այսպես է սկսվում՝ հայ մարդուն վանում են հայ զինվորից»,-ասաց նա։ 

Գուրգեն Մելիքյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարությունը իր սահմանները պահող զինվորի նկատմամբ այսպիսի քամահրական ու անտարբեր վերաբերմունք ցուցաբերի։

«Ցավ եմ ապրում, ցավակցում եմ մեր զինվորների ծնողներին, հարազատներին, մեր ժողովրդին։ Սա իսկապես ողբերգություն է։ Ոչ պատերազմական խաղաղ օրերին մենք կորցնում ենք զինվորների, ովքեր պահպանում են մեր սահմանները, մեր լինելիությունը, հայոց պետականությունը։ Այդ ինչ պայմաններում էին ապրում զինվորները, իշխանությունները թո՛ղ թանկարժեք մեքենաներով շրջելու փոխարեն զինվոր պահեն։ Մեր ապրած ամեն պահը սթրես է հիմա։ Չգիտեմ՝ ինչ ասեմ»,-նշեց նա։ 

Մինչեւ այս պահը 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի հիմնական պատճառ է նշվում կապիտանի կողմից ավտոբենզինով զինվորական կացարանի վերածված տան վառարանը վառելու հանգամանքը։ Սակայն մինչ Փաշինյանն ու Պապիկյանը կառավարության նիստում առաջ էին քաշում այս վարկածը, հրդեհի վայրում դասակի հրամանատարը հերքում էր պետության ղեկավարին՝ նշելով, որ տարածքում բենզին չի եղել։ Այս պահին իրականացվում են տարբեր փորձաքննություններ՝ ճշտելու հրդեհի հիմնական վարկածը։ 
Գուրգեն Մելիքյանն աբսուրդ է համարում իշխանավորների առաջ քաշած վարկածը։ 

«Աբսուրդ է, որ պառկած տեղում 15 զինվոր մահանա։ Մարմինը 3 շերտ ունի զգաղոցության։ Ինչպե՞ս կարող էին նրանք քնած մահանալ, այդ ի՞նչ են ասում։ Մի բան վստահաբար կասեմ, որ այս իշխանությունները չեն կարող ղեկավարել Հայաստանը։ Եթե նախկինում նման բան լիներ, գեթ մեկ զինվոր տուժեր, իշխանությանը սվինների վրա ցցին կհանեին»,-ասաց Մելիքյանը։ 

Ստեղծված անելանելի իրավիճակից, ասում է արեւելագետը, ժողովուրդը ելք գտնելու է։ 

«Այո, սա մեծ ողբերգություն է, բայց մեր ժողովուրդը ուժ է գտնելու իր մեջ եւ այս ստահակներին ասելու է՝ ո՛չ, հերիք եղավ։ Ժողովուրդն անտարբեր չէ, չեմ կարծում, որ բոլորն են «քնած»։ Մարդիկ ոտքի են կանգնելու, վստահեցնում եմ, հավատացնում եմ ձեզ՝ մենք այդ օրը տեսնելու ենք, ժողովրդի համբերության բաժակը լցվել է արդեն»,-ընդգծեց նա։ 

Լիա Սարգսյան