Ադրբեջանցիները ստիպել են, որ տրորեմ Արցախի դրոշը, ասացի՝ «եթե անգամ սպանեք էլ, չեմ անի» 

Ադրբեջանցիները ստիպել են, որ տրորեմ Արցախի դրոշը, ասացի՝ «եթե անգամ սպանեք էլ, չեմ անի» 

«Ամենացավալին Ստեփանակերտից դուրս գալու օրն էր։ Ես ու բժշկուհի Իսրայելյանը Ստեփանակերտի հուշահամալիր գնացինք, տղաներից ներողություն խնդրեցինք ու գլխիկոր դուրս եկանք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է հանրապետական բժշկական կենտրոնի բուժաշխատող Հարութ Սարգսյանը։ 

Իսկ մինչ գնալու օրը, ինչե՜ր ասես որ չի տեսել, բոլորի հետ ցավ ապրել, ցավ կիսել, օգնել ու փրկել։

Որպես բուժեղբայր նա իր մասնագիտական մկրտությունը ստացել է 2020 թվականի պատերազմում։ Վերջին տարիներին Ստեփանակերտի հիվանդանոցում աշխատանքին զուգահեռ Հարութը նաև գրանցված էր աշխարազոր ուժերում։ 

Սեպտեմբերյան պատերազմը դժոխք էր։ Զինադադարից հետո անմիջապես միացել է ճերմակ բանակի իր ընկերներին.

«Պատերազմի գույներն իրականում վառ էին, սակայն իմ հիշողություններում ամեն ինչ մոխրագույն է։ Հիվանդանոցից զատ՝ որպես բուժաշխատող համալրել էի աշխարհազոր ուժերի շարքերը։ Այդ իսկ պատճառով այս անգամ պատերազմը միայն արյան հոտ չուներ, այլ դրան միացավ նաև վառոդի հոտն ու ծուխը»,- ասում է նա։

Ընտրելով ռազմական բուժակի մասնագիտությունը՝ Հարութը հասկանում էր դրա ողջ պատասխանատվությունը։ Անկախ խաղաղ կամ անկայուն իրավիճակից, պետք էր մշտապես զգոն լինել, պատրաստ լինել ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի։ 

«Ինչ-որ տեղ հպարտ եմ, որ բազում փրկված կյանքերի մեջ կա նաև իմ ներդրումը։ Գուցե այդ ժամանակ զգացի սպասվող ծանր օրերը»,- ասում է Հարութն ու մտքերով տեղափոխվում Ստեփանակերտ։

Այսօրվա պես հիշելով պատերազմական ամեն օրվա կատարված դեպքերը, սակայն վերարտադրել մտքերը դժվարանում է. «Ամենահիշվող դրվագը զինվորի կյանքի փրկությունն էր։ Շուշիի տանկի մոտ վիրավոր կար ու պիտի ամեն կերպ իջեցնեինք հիվանդանոց։ Ճանապարհ ընկնելուն պես մեզ ասացին, որ թշնամին ամենուր է, ու թշնամու նշանառության տակ է, խոցվում է։ Մենք գնացինք՝ չիմանալով հետ կգա՞նք, թե՞ չէ։ Բարեբախտաբար, հրաշքով վիրավորին տեղ հասցրեցինք»։ 

Մեր զրուցակիցը, որքան էլ փորձում է ծանր դեպքերը շրջանցի, միևնույն է մտքերը կենտրոնանում են նույն տեղում՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, դիրքերից բերված վիրավորներ, բնակավայրերից տեղափոխված խաղաղ բնակիչներ, նրանց կյանքի համար պայքարող բժիշկներ։

«Ամենից ծանր օրը պայթյունի օրն էր, սեպտեմբերի 25-ը։ Երբ եղավ այդ պայթյունը, ես Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին էի։ Ինձ չհաջողվեց արագ տեղ հասնել մեծ խցանման պատճառով։ Դա շատ ծանր պահ էր, երբ գիտես՝ օգնությանդ կարիքը կա, բայց դու չես կարող տեղ հասնել։ Երբ տեղ հասա, հիվանդանոցում քաոս էր, բոլորը ցավից գոռում էին։ Դա այն տեսարանն է, որը մինչև մահ կուղեկցի ինձ»,- հիշում է բուժակը, տղամարդկային հպարտության տակ թաքցնում բոլոր զգացումները։

Տեղում մնացած մյուս բուժաշխատողների հետ արել են առավելագույնը, որ մի կյանք ավել փրկվի։ Հարութ Սարգսյանի խոսքով՝ 2023-ի ռազմական գործողությունների ելքը, 44-օրյա պատերազմի համեմատ, պարզ էր, պարտությունն անխուսափելի, քանի որ փոքր Արցախը պիտի կռվեր այն դեպքում, երբ բոլոր բարձունքները հանձնվել էին թշնամուն, իսկ երկիրը ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր։

«2020 պատերազմի ժամանակ հույս կար, որ կհաղթենք, որովհետև մայր Հայաստանը մեր թիկունքում էր, իսկ 2023 թվականին մենք մեզ լքված զգացինք։ Ամեն ինչ ակնհայտ ու պարզ էր, որ կպարտվենք, քանի որ ուժերն անհավասար էին, իսկ աշխարհը, միջազգային հանրությունը թքած ուներ, որ Արցախի բնակչությունը բնաջնջվում է»:

Մեր զրուցակիցը ցավով նշում է, որ Արցախի իր հայրենակիցները միայնակ կռվում էին միանգամից մի քանի պետության հզոր բանակների դեմ։ 

Հայաստանի իր գործընկերների կարիքը, ասում է, զգացվում էր հատկապես վառելիքի պահեստի աղետի ժամանակ. «Երբ տեսա Շուշիից իջնող շտապ օգնության մեքենաների շարասյունը, սրտիցս մի մեծ քար ընկավ, մեզ այլևս լքված չէինք զգում։ Եկան ու օգնեցին մեզ։ Բուժաշխատողներից բացի մեր թիմին միացան նաև քաղաքացիական անձինք, ովքեր բժշկության հետ կապ չունեն, բայց օգնեցին ահագին»։ Վերջին օրերին հիվանդանոցում գրեթե բուժաշխատող չէր մնացել։

Հարութն ասում է, որ ինքն ու բժիշկ Առստամյանը որոշել են մաքրել հիվանդանոցի ընդունարանը, որն արյան մեջ էր. «Մտածում էինք՝ թշնամին մաքուր տեսնի մեր հիվանդանոցը, բայց երբ ուզում էինք փակել դռները, մի պապիկ մոտեցավ ձեռքերն այրված վիճակում։ Ընդունեցինք, վիրակապեցինք, պապիկն էլ դարձավ մեր վերջին պացիենտը, լուսանկարվեցինք»։

Երիտասարդ բուժակի համար հեշտ չէր նաև գաղթի ճանապարհը։ Հիվանդանոցի ռեանիմոբիլով բուժանձնակազմը վերջին հիվանդների հետ դուրս է եկել Ստեփանակերտից, իսկ ճանապարհին բժշկի կարիք ունեին բոլորը․  «Մեկն ուշաթափվում էր, մյուսի ճնշումն էր բարձրանում, այդպես բոլորին օգնելով եկել ենք։ «Հակարի» կամրջին ադրբեջանցիները կանգնեցրել են ռեանիմոբիլը, ինձ իջեցրել են, քանի որ բժշկական համազգեստիս վրա Արցախի դրոշն էր, քաշել պոկել են «շեվրոնները», ասել, որ տրորեմ, բայց ես չարեցի դա, ասացի՝ «хоть убей, я не буду делать этого»։ Իրենք ադրբեջաներեն էին խոսում, չգիտեմ՝ ինչեր էին ասում։ Ես նստեցի մեքենան ու եկա»։ 

Կոռնիձոր չհասած, մի տարեց կին կանգնել էր ձորի պռնկին ու մաքուր օդ էր ուզում շնչել, բայց սայթաքել ու մոտ 150 մետր գլորվել ընկել էր ձորը։ Հարութը նկատել է, որ մարդիկ վազում են այդ ուղղությամբ, կանգնել ու տեսել է կատարվածը. «Ես ու եղբայրս՝ Ազատը, օգնել ենք տարեց կնոջն ու դժվարությամբ նրան դուրս բերել ձորից, մշակել վերքերը, ճանապարհել»։ 

Տեղահանվելուց հետո 27-ամյա Հարութ Սարգսյանն այստեղ զբաղվում է դարբնագործությամբ։ Երկաթից հրաշքներ է ստեղծում, այնպիսի գործեր, որոնք կարելի է կիրառել տանը յուրահատուկ ինտերիեր հաղորդելու համար։ Դա սիրելի զբաղմունք է։

«Երբ տարհանվեցինք, հոկտեմբերին զանգ ստացա 2020-ին վիրավորված տղաներից մեկից։ Ես նրան չէի հիշում, Սևանից էր, ասաց, որ տուն ունի և կարող է տրամադրել։ Դա շատ հուզիչ պահ էր ինձ համար, երբ զգում ես, որ գործդ գնահատված է»,-ասում է Հարութը՝ ընդգծելով, որ բժիշկ լինես և կամ դարբին, առաջնահերթությունը գնահատանքն է, աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, միջանձնային հարաբերություններում՝ մարդկային գործոնը։

Հունան Թադևոսյան