Պետությունն ընկել է վարորդների ետևից. նոր արագաչափեր և տեսախցիկներ են սպասվում

Պետությունն ընկել է վարորդների ետևից. նոր արագաչափեր և տեսախցիկներ են սպասվում

Երեկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, անդրադառնալով ՃՏՊ-ների խնդրին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ 

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել և եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, և մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- մասնավորապես ասել է ՆԳ նախարարը։ 

Այլ կերպ ասած՝ աչքալուսանք մեր վարորդներին:

MediaHub-ը դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին՝ հասկանալու, թե ի՞նչ էլեկտրոնային տեսալուսանկարահանող տեսախցիկների մասին է խոսքը, արդյո՞ք առկա համակարգը թարմացվելու է ամբողջ ՀՀ տարածքում, թե՞ միայն Երևանում։

«Այո, նպատակ կա տեսա և լուսանկարահանման համակարգն արդիականացնել։ Նոր համակարգի միջոցով կլուծվեն ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված խնդիրներ, այլև, ընդհանրապես, անվտանգային խնդիրներ»,- ասաց Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ ընդհանրապես նոր համակարգի ներդրում է սպասվում՝ նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ։ Բացի խախտումներ հայտնաբերելուց, այդ սարքավորումների միջոցով նաև անվտանգային խնդիրներ կլուծվեն, օրինակ՝ կնպաստեն հանցագործության բացահայտմանը։

Այսպիսով, սպասվող ծրագրով կթարմացվեն Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, նորերը կտեղադրվեն քաղաքի մուտքերին և ելքերին։ Եվ բացի այս ամենից, մեր տեղեկություններով, նաև նոր արագաչափեր կտեղադրվեն, որոնք, օրինակի համար, կհաշվարկեն  A կետից մինչև B ավտոմեքենայի միջին արագությունը։ Այդ մեթոդաբանությունը վաղուց կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:

Ինչ վերաբերում է բյուջեին, թե որքան կարժենա արդիականացման այս գործընթացը, թվեր դեռ հայտնի չեն, ինչպես նաև այս գրանդիոզ ծրագրի իրականացման ժամկետները: 

Մարիաննա Արամյան