Կողմնորոշվեք՝ Արցախը Ալիևը գրավե՞լ է, թե՞ Նիկոլ Փաշինյանը հանձնել 

Կողմնորոշվեք՝ Արցախը Ալիևը գրավե՞լ է, թե՞ Նիկոլ Փաշինյանը հանձնել 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, որն իրենց «ոխերիմ հակառակորդ» Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Շվեյցարիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին, ելույթ է ունեցել այնտեղ՝ խոսելով իր հայրենի Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եւ նրա ելույթը, որքան էլ զարմանալի է, հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ հենց առաջին էջի ամենաերևացող տեղում։ 

Կրտսեր Քոչարյանի՝ անգլերենով ունեցած ելույթը Լևոն Քոչարյանը տարածում է նաև իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան հարթակներում, և որպեսզի նրա ելույթը մատչելի լինի նաև հայ հանրության՝ անգլերեն չիմացող հատվածի համար։ Պարոն Քոչարյանն իր ելույթի տեսանյութը հարստացրել է հայերեն տիտրերով։ Լևոն Քոչարյանի՝ Արցախին նվիրված ելույթը սկսվում է այսպես․ «Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն»։ 

Շարունակությունը կարող ենք այլևս չկարդալ, որովհետև հենց առաջին նախադասությունից միանգամից երկու փաստական ու քաղաքական նրբերանգ է ի հայտ գալիս՝ իր հետ նաև որոշ հարցադրումներ առաջ բերելով։

Նախ, ուշագրավ է, որ Արցախը կամ Արցախի Հանրապետությունը Լևոն Քոչարյանի՝ եվրոպացիների առջև ունեցած ելույթում անմիջապես դարձել է «Լեռնային Ղարաբաղ», այսինքն՝ ճիշտ այն ձևակերպումն է ստացել, որին վեց տարվա ընթացքում հանգեցրին, և որն այսօր օգտագործում են իրենք՝ Արցախը ԼՂ դարձրած ու Ադրբեջանին հանձնած նիկոլականները։ Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանում թե՛ Քոչարյանը, թե՛ նրա ընդդիմադիր թիմակիցները մշտապես թմբկահարում են հենց Արցախ անվանումն ու քննադատում, երբ իշխանությունները Լեռնային Ղարաբաղ են ասում՝ «համարձակություն չունենալով» Արցախ անունը արտաբերել։

Լևոն Քոչարյանը, բնականաբար, կասի, որ ինքը Շվեյցարիայում «Լեռնային Ղարաբաղ» է ասել «միջազգային հանրության կողմից ընդունելի» լինելու համար, բայց եթե դու այստեղ՝ Հայաստանում, համարում ես, որ Ադրբեջանը հարձակվել է հայկական երկրորդ հանրապետության՝ Արցախի վրա, ապա պետք է բարի լինես նույն թեզն առաջ տանել նաև միջազգային հանրության մոտ ու քո ելույթներում պնդել, որ թեպետ դուք այն հիմա ընկալում եք «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմամբ և Հայաստանի իշխանություններն էլ արդեն այդպես են կոչում, բայց իմացեք, որ խոսքը արցախցիների հայրենիքի՝ Արցախի մասին է և հայ ժողովրդի համար այն Արցախ է և վերջ։ 

Երկրորդ, Լևոն Քոչարյանն իր առաջին նախադասությամբ ասում է, թե «Ադրբեջանը հարձակվել ու գրավել է Արցախը», իր խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը։ Նորից հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներսում հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, իսկ Հայաստանից դուրս պարզվում է՝ Ադրբեջանն է հարձակվել ու գրավել։ Բա եթե Շվեյցարիայում պիտի միջազգային հանրությանը համոզեք, թե Ադրբեջանը հարձակվել ու գրավել է, որի մեջ, իհարկե, կա որոշակի ճշմարտություն, ինչո՞ւ եք Հայաստանի ներսում հանրությանը համոզում, թե Նիկոլ Փաշինյանն է դավաճանաբար հանձնել, և որ Փաշինյանը չլիներ, Ադրբեջանը ո՛չ կհարձակվեր, ո՛չ էլ, առավելևս, կգրավեր։ 

Ինչո՞ւ եք կեղծում ինքներդ ձեզ, ապա նաև ակնհայտ իրողությունները։ Ինչո՞ւ չեք միջազգային հարթակներում ևս գոչում, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դավաճան են, ու նրանց դավաճանական քաղաքականության հետևանքով է Արցախը հանձնվել Ադրբեջանին, քանզի Նիկոլ Փաշինյանն է վերջին շտրիխով դավաճանաբար Արցախը Պրահայում ճանաչել Ադրբեջանի մաս։

Ի՞նչն է խանգարում ձեզ՝ թունդ ընդդիմադիրներիդ, միջազգային հանրության առջև ևս ասել այդ ճշմարտությունը ՀՀ իշխանությունների հասցեին, որը պարբերաբար ասում եք այստեղ՝ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, հազարից մեկ էլ՝ խորհրդարանի դահլիճում։

Կարո՞ղ է նույն Լևոն Քոչարյանին Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊ-ականների ներկայությունն է կաշկանդել, որ դժվարացել է ճշմարտությունը հնչեցնել Հայաստանի նիկոլական իշխանությունների հասցեին։ Համենայնդեպս, եթե Լևոն Քոչարյանը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն Արցախ ասեր ու հետն էլ քննադատեր այս իշխանություններին, նրա ելույթի տեքստը չէր հայտնվի Ալեն Սիմոնյանի գլխավորած Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Վահե Մակարյան