Հայրենիքը պաշտպանողին հավաբուն չեն տալիս․ ազատամարտիկ Սամվել Թադևոսյան

Ժամանակներ ու ընկալումներ են փոխվել, արժեքները պահպանողները մի կողմում են, իսկ դրանք քայքայողները՝ մյուս։ Եկան ու «սևեր-սպիտակների» բաժանեցին, նախկիններ ու ներկաներ կարգեցին և մասային այսպես կերակրեցին։ Մինչև այս 15 զոհն էլ 5000 զոհ ունեցանք, բայց 15 զոհը մեր ողբերգության հերթական դրսևորումն էր։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, կինոռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանը՝ խոսելով խաղաղ պայմաններում 15 զինծառայողի մահվան, բանակում տիրող իրավիճակի մասին։
«Երբ քո հայրենիքը պաշտպանողին տալիս ես հավաբուն, գուցե նաև գոմ է եղել, չգիտեմ, բայց մեծ գիտակ պետք չի լինել՝ հասկանալու, որ սա նորմալ վերաբերմունք չէ զինվորի նկատմամբ։ Զինվորին պետք է ապահովել նորմալ պայմաններով՝ սնունդ, հագուստ։ Պատճառաբանում են, թե սեպտեմբերին զորանոցի նախկին տարածքը ռմբակոծվել է, բա էս 6 ամսվա ընթացքում ի՞նչ են արել։ Երբ իշխանությունը չի հոգում բանակի տարրական կարիքները, ապա՝ այո՛, ծառայողը կարող է նաև սայթաքումներ անել, դե, օրինակ, ինչպես պատմում են՝ վառարանը բենզինով վառել։ Ինձ մոտ տպավորություն էր, թե Նիկոլ Փաշինյանն այդ ամենին ներկա է եղել, որովհետև այնպիսի մանրամասներով էր ներկայացնում ամեն ինչ, թե ինչպես է կրակ բռնկվել, բենզինն ինչպես են լցրել․ սա իրականում զավեշտ է»,-ասաց նա։
Թադևոսանի խոսքով՝ եթե այս տարբերակը բացառելի չէ, ապա պետք է հասկանալ, թե ինչու էր զինանոցն այդքան խղճուկ վիճակում։
«Նայում ես դեպքի վայրի կադրերն ու հարցերի մեջ թաթախվում՝ պատը, աթոռը, գազօջախը ինչպե՞ս կարող էին այդ սոսկալի պայթյունից չմրոտվել։ Տպավորություն է, թե երկրի ղեկավարն է պայթյունից հետո դրանք տարել, այնտեղ դրել»։
Ըստ Թադևոսյանի՝ նորմալ երկրներում զինվորը պետք է ստանա արժանի աշխատավարձ, արժանապատիվ կենցաղ ունենա, ննջատեղն ու զինանոցը պետք է պատշաճ լինեն։
«Շատերը չգիտեն, թե սահմանին տղերքն ինչ անմխիթար վիճակում են, տարածքներ կան, որ մեր և թշնամու դրոշներն իրարից ընդամենը 15 մետր հեռավորության վրա են, և պարզապես պետք է տեսել, այդ ակնհայտ տարբերությունը՝ մեր տղերքը կանգած են ողորմելի խրճիթանման երևույթի մեջ, իսկ թշնամին ինչքան առաջ է գալիս, այնքան ասֆալտապատում է տարածքը»։
Ազատամարտիկի դիտարկմամբ՝ սրանք քայլեր են բանակը կազմականդելու ուղղությամբ։
«Տարբեր վարկածներ կան, ասում են՝ թուրքերն են, բենզինն է պատճառը, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հարցին արմատական մոտեցում էր պետք, որը մեկ օրով չէ։ Զորանոցը պետք է ունենա մուտք, պահեստային լքման դուռ։ Տղերքի մարմինները մահճակալի վրա են գտել, այսինքն՝ փախուստի փորձ չի եղել, հնարավոր է, որ արագ ծխահարվել են։ Ի դեպ, վաշտի հրամանատարը խելացի, կասկածելի անվախ տղա է, երբ ասում էր՝ այդտեղ բենզին չի եղել։ Ճիշտ կլինի, որ Փաշինյանին հարցնեն, որովհետև տպավորություն է, թե ինքն ու իր մատռվակներն են այնտեղ եղել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լիաննա Թորոսյան