Հարությունյան & Վարդանյան. նախկինները հասցեական մեղադրում են. Արցախում ներքաղաքական լուրջ գզվռտոց է

Հարությունյան & Վարդանյան. նախկինները հասցեական մեղադրում են. Արցախում ներքաղաքական լուրջ գզվռտոց է

Արցախի գերության 43-րդ օրն է․ մինչ արցախցին պայքարում է օրվա գոյության համար, տեղի իշխանություններն «իրար միս են ուտում»։ 

MediaHub.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել, որ նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարար Ռուբեն Վարդանյանին հեռացնելու որոշում ունի, սակայն, մեր հրապարակումից ժամեր անց Վարդանյանը հրապարակային հայտարարեց, որ հրաժարական չի տալու։ Թեև մեր աղբյուրները վստահեցնում են, որ Վարդանյանին հեռացնելու որոշումն Արայիկ Հարությունյանի սեղանին է եղել, սակայն որոշակի կուլիսային հանդիպում-քննարկումներից հետո Արցախի նախագահը չի ստորագրել նման որոշում։ 

Թվում էր, թե դրանով հայկական երկրորդ պետությունում կրքերը կհանդարտվեն, սակայն ներքաղաքական ճգնաժամը հումանիտար ճգնաժամին զուգահեռ ահագնանում է.  այս պահին էլ Արցախում Հարությունյան-Վարդանյան պայքար է, որն անգամ թաքցնելու կարիք չունեն կողմերը։ 

Այսպես, մինչ Վարդանյանն՝ իր թիմակիցներով ու աջակիցներով, ի լուր աշխարհի հայտարարում է, թե իրենք շարունակելու են պայքարը, հանձնվելու ոչ մի միտում չկա, Արայիկ Հարությունյանի թևն այլևս փորձեր չի անում թաքցնելու, որ Արցախում սուր ներքաղաքական խնդիրներ կան: Արդեն որերորդ նախկին նախարարն է Ռուբեն Վարդանյանին ուղիղ մեղադրում  «պոպուլիզմի» մեջ։ Հատկանշական է, որ սա արվում է շրջափակման ընթացքում, երբ բոլոր կողմերից միասնականության, համախմբման կոչեր են հնչում։ 

Վարդանյանին ուղղված մեղադրանքները շատ են, օրինակ՝ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հենց այդ սուտ մարգարեներն են ճակատագրական ժամանակներում ամենաբարձր բղավողները և ամենաշատը թվաքանակով։ Մինչդեռ կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց դրա անհնար կլինի չեզոքացնել գոյաբանական բնույթի արտաքին սպառնալիքները»։

Բաբայանը նաև նշում է.

«Բացի այդ, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։ Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին»:

Դավիթ Բաբայանը, հիշեցնենք, ԱԳ նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Ռուբեն Վարդանյանի շնորհիվ:

Եվս մեկ նախկին նախարար ու քննադատություն՝ արդեն բաց տեքստով. Առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանն ուղիղ ասում է՝ ընդամենը ամիսներ առաջ Ռուբեն Վարդանյանը ցուցադրաբար հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և եկավ Արցախ՝ «մեզ փրկելու» նպատակով։ Առանց հնարավոր ռիսկերն ու խնդիրները գնահատելու, առանց աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից աջակցության, հավանաբար որոշակի ուժերի սպասարկելու և հեռագնա այլ նպատակներով Ռ.Վարդանյանը տեղափոխվել է Արցախ ու կարգվել մեզ որպես «երկրորդ նախագահ»։

«Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար։ Արցախցիները արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով»,- գրել է Հայրիյանը:

Նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ, ում առաջինը Վարդանյանը հեռացրեց պաշտոնից, շարունակում է.

«Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»,- գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Խանումյանը:

Ավելի քան համոզված ենք, որ այս շարքը՝ ուղիղ մեղադրանքների, ուղղված մի անձի, ով զրո փորձառություն ունի պետական կառավարման համակարգում, բայց չգիտես ինչո՞ւ և ինչպե՞ս զբաղեցրեց նման բարձր պաշտոն, ըստ էության՝ ստվերելով երկրի նախագահին, շարունակվելու է:
Ակնհայտ է, որ այս պահին Արայիկ Հարությունյանի թևի համար «կեղծ մարգարեի» դերում Ռուբեն Վարդանյանն է, որն անընդհատ տարբեր հարթակներում խոսում է Արցախի շրջափակման ու արցախցիների՝ պայքարելու կամքի մասին։ Նկատենք, որ այս ընթացքում երկրի առաջին դեմքը՝ Արայիկ Հարությունյանը ոչ մի հանրային ելույթ չի ունեցել։

Թեև, MediaHub.am-ի հետ զրույցում Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել էր, որ Հարությունյանն ամենօրյա կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի և այլ գործընկերների հետ։ Եվ հիմա, երբ արցախցին հացի խնդրի առաջ է կանգնած, ավելի ցցուն ու արտահայտիչ է դառնում նախագահ-պետնախարար պայքարը։ Եվ խորհրդարանական ուժերն են փորձում կողմերի միջև «սպիտակ աղավնու» դերը ստանձնել։ Սպասենք զարգացումների...

Նարե Գնունի