Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսպանիայի, Արգենտինայի, Լյուքսեմբուրգի նորընտիր ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։
Շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթահարելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի իր ավանդն ունենալ երկրի հզորացման գործում։
Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող հարցերում և ազատ տնտեսական հարաբերությունների կառուցման գործում Հայաստանը վստահելի գործընկեր է Արգենտինայի համար։
Առիթը պատեհ համարելով՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում։
Վստահ եմ, որ մեր երկրների միջև ջերմ հարաբերություններն ունեն դեռևս չբացահայտված մեծ ներուժ։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ կառուցել առավել հավակնոտ օրակարգ և զարգացնել հարաբերություններն Արգենտինայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով»։
Շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ձեր կուսակցության արձանագրած հաջողությունը վկայում է Լյուքսեմբուրգի ժողովրդի կողմից Ձեր դավանած գաղափարների նկատմամբ վստահության մասին։
Ուրախ եմ ընդգծել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գերազանց հարաբերությունները՝ արտահայտված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում մեր ջանքերն առարկայացնելու փոխադարձ հանձնառությամբ: Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի քայլը:
Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել դժվարին ժամանակ-ներում Ձեր կուսակցության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված սկզբունքային, աներկբա և հետևողական աջակցության համար, ինչը փաստում է ժողովրդավարական արժեքներին մեր ընդհանուր հավատարմությունը և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կամրապնդի մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը:
Միասին սերտորեն աշխատելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյան»: