Սամվել Շահրամանյանն ասելիք չունի

Քիչ առաջ մեկնարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր մասնակցելու է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռակապով մասնակցելու է հանձնաժողովի նիստին, սակայն, իրադարձություններն այլ զարգացում ունեցան․ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, իսկ նրա փոխարեն այսօր ԱԺ-ում է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Թե ինչ ասելիք ունի նա այստեղ՝ քննիչ հանձնաժողովի նիստում, հայտնի չէ, թերևս, երբեք էլ հայտնի չի դառնա, քանի որ հանձնաժողովի նիստը փակ է, և բացի ներկաներից ոչ ոք չգիտի՝ ինչ հարցեր են այնտեղ հնչելու և ինչ պատասխաններ են ստացվելու։
Ըստ էության, Սամվել Շահրամանյանն էլ ցանկություն չունի որևէ բառ ասելու, որևէ հայտարարություն անելու, քանի որ ԱԺ այնքան գաղտագողի է եկել, որ ոչ ոք չի նկատել նրա մուտքը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողներին ասաց․ «Իզուր եք սպասում, չի խոսելու»։
Փաստացի, հայկական երկրորդ պետության հայաթափումից և Հայաստանի դարպասը թշնամու կողմից օկուպացվելուց հետո անգամ Սամվել Շահրամանյանը չի ուզում խոսել, երևի ասելիք չունի։
Նարե Գնունի