ՀՀ քաղաքացիների նկատմամբ օտարերկրացիների կողմից հեռախոսային արշավը՝ խարդախության տեսքով, շարունակվում է։ Վերջին շրջանում գրեթե ամեն օր Երևանի քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, թե իրենց հարազատը, իբր, վթարի է ենթարկվել կամ վրաերթի է ենթարկել ինչ-որ մեկին, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:
MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ–ի հետ՝ հասկանալու, թե որքա՞ն գումար է փոխանցվել խաբեության արդյունքում և քանի՞ քաղաքացի է դիմել Ոստիկանություն։
«Օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվածներին բուժօգնություն տրամադրելու և կատարող կողմին քրեական պատասխանատվությունից ազատելու համար քաղաքացիների կողմից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 126 ահազանգ, որոնցից 16–ով տուժողները հայտնել են, որ գումար են փոխանցել։ Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից ընդհանուր փոխանցվել 21 մլն 500.000 դրամ, 690.000 ռուբլի, 23.400 դոլար և 4700 եվրո գումար»,– ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, երեկ MediaHub-ը զրուցել էր երևանաբնակ Հելենա Մելքոնյանի հետ, որը պատմել էր, որ նմանատիպ մի զանգ ստացել է իր հարևանի ընտանիքը, որոնց դուստրը Մոսկվայում է բնակվում։ Երբ վերցրել են հեռախոսը, մի աղջիկ սկսել է բղավել հեռախոսի մեջ, թե՝ «իմ պատճառով մարդ մահացավ, ես եմ մեղավոր, ամեն ինչ վատ ա, կյանքս ավարտվեց» ու այդպես շարունակ։ Տարեց տղամարդը վախեցել է, սիրտը վատացել, որից հետո խոսակցությունը շարունակել է կինը։
Ասել են՝ «ձեր աղջկա գործը ոստիկանությունում փակելու և նրան ազատ արձակելու համար անհրաժեշտ է 15 հազար դոլար»։ Կինը կասկածելով, որ ինչ որ բան այն չէ, զուգահեռ բջջային հեռախոսով զանգել է մոսկվաբնակ դստերն ու պարզել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է և որ նա որևէ կապ չունի այդ «ահազանգի» հետ։
Մարիաննա Արամյան