Ինչո՞ւ է ՊԵԿ-ը ուզում հարկ չվճարողներին ճաղերի հետևում տեսնել․ օրենքի փոփոխության հետքերով

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն e-draft.am-ում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը առաջացրել է գործարար համայնքի դժգոհությունը։
Մասնավորապես, «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը գրառում է կատարել այս առնչությամբ՝ նշելով, որ եթե այս օրենքն ընդունվի և Քրեական օրենգրքի 290-րդ հոդվածը փոփոխվի այնպես, ինչպես ՊԵԿ-ն է նախատեսում, ապա 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել:
Իսկ ի՞նչ է նախատեսվում այս փոփոխությամբ․ ՊԵԿ-ն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 281-րդ հոդվածի 4-րդ, 285-րդ և 286-րդ հոդվածների 3-րդ, 288-րդ հոդվածի 2-րդ, 290-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Սրանցից վերջինը՝ 290-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է հետևյալը, որ եթե քաղաքացին, այս դեպքում՝ տնտեսվարողը, 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարք է թույլ տվել, այսինքն՝ հարկեր, տուրքեր կամ այլ խոշոր (5 մլն դրամ) կամ առանձնապես խոշոր չափի (15 մլն դրամ) վճարներ է թաքցրել և բացահայտվելուց հետո ամբողջությամբ վճարել է դրանք, ապա տվյալ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Այսինքն՝ 290-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչելով, փաստացի, հնարավորություն է ստեղծվում մի քանի միլիոն հարկ թաքցրած տնտեսվարողներին տանել կալանքի և տարիներով զրկել ազատությունից՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով և ոչ միայն։
Հենց այդ մասին է գրել նաև Վահրամ Մրաքյանը․ «Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ-ի կանխատեսված խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ-ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում:
Հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո: Այսինքն հարկային տեսուչները, եթե ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա, ո՞նց կարա բիզնես լինի, երբ հիմնադիրին 3 տարի բանտում են պահում: Սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար էլ օրենքը որևէ պատիժ չի նախատեսում»։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո պատրաստված էր իջել լրագրողների հետ ճեպազրույցների, որ պարզաբանի իրեն ուղղված մեղադրանքները։
Բադասյանը նախ Միրաքյանին ուղղված որոշակի անձնավորված ակնարկներ արեց, թե գործարարը անձնական մոտիվներով է այդպիսի բան գրել, ինքը մեկ անգամ հանդիպել է նրան, բայց այլևս չի հանդիպի, քանզի նրա խոսքերում շանտաժի տարրեր է նկատում և այլն։
Հետո մանրամասնեց Քրեական օրենսգրքի՝ «կռվախնձոր» դարձած հոդվածը․ «Նախ, կալանքը բացարձակապես էական հանգամանք չէ, այսինքն՝ խափանման միջոցի ընտրության-չընտրության հարց է։ Հիմա էսպիսի կարգավորում կա Քրեական օրենսգրքում, որը չի համարվում լավ պրակտիկա։ Ասում է, եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես կվերականգնես բացահայտի մասով գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Հիմա, իմ կարծիքով, այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային իրավիճակը խաթարված է»։
Ըստ ՊԵկ նախագահի տրամաբանության՝ նույն շուկայում մի տնտեսվարող պարտաճանաչ վճարում է հարկերը, իսկ մյուսը խուսափում է հարկերից, հետո ասում է՝ «շատ լավ, ես բերեմ գումարը վճարեմ և ազատվեմ քրեական պատասխանատվությունից», ինչը, ըստ Բադասյանի, սխալ է։
Բայց շատ դեպքերում ՊԵԿ տեսուչները հանիրավի ու սխալ տեղն են տուգանում տնտեսվարողին, և գրեթե 50 տոկոս դեպքերում՝ ըստ վիճակագրության, տնտեսվարողները բողոքարկում են ու ապացուցում, որ հարկային տեսուչը սխալ է իրենց տուգանել։ Բադասյանն այստեղ լղոզված պատասխան տվեց․
«Էստեղ շատ հետաքրքիր պահ կա, մենք առաջարկում ենք՝ հակառակը, նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը, ֆիզիկական անձը շատ ավելի պաշտպանված է, օգտվում է շատ ավելի լայն երաշխիքներից, իսկ իրենք ասում են՝ չէ, ինչ կարգավորում, որ հիմա կա, եկեք թողնենք դա։ Բայց ի՞նչ ա նշանակում՝ տեսուչի կարծիքով։ Եթե էս գործընթացում կա քննիչ, կա դատախազ, կա դատարան, որը նախնական քննության նկատմամբ դատական վերահսկողություն է անում, իսկ դատական քննության փուլում, իմ ասած երաշխիքներով հանդերձ, քննում է գործը և կայացնում է որոշում, այսինքն՝ բացարձակ մերկապարանոց պնդում է»։
Բադասյանը, ամեն դեպքում, ընդունեց Վահրամ Միրաքյանի մի քննադատություն, որ 50 միլիոն դրամ շրջանառություն ունեցողի դեպքում էլ են 10 մլն դրամ և ավելի խախտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկում, 5 միլիարդ շրջանառություն ունեցողի դեպքում էլ։
Սա ՊԵԿ նախագահը համարեց ողջամիտ դիտարկում՝ նշելով, որ կարելի է փոխել մոտեցումը, որ կախված նրանից, թե պետությանը որքան վնաս է պատճառել, դրանից սանկցիաները փոխվեն․ «Իհարկե, դա քննարկելի է, ընդունելի է նման դիտարկումների շուրջ քննարկել, և մենք բիզնեսների հետ հանդիպումների ընթացքում մենք կքննարկենք դա անպայման»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՊԵԿ բերած վիճակագրության համաձայն՝ տնտեսվարողների դեմ հարուցված գործերի մեծ մասը կարճվել է, Բադասյանն ասաց, թե կարճվել է հենց այդ խրախուսական նորմի, այսինքն՝ 290-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման պատճառով։ Հիմա հոդվածի այդ կեստից ուզում են ազատվել, որ այլևս ոչ ոք չօգտվի խրախուսական նորմից և մի քանի միլիոնի համար գնա պարտադիր բան նստի՝ բիզնեսը թողնելով անտեր, ինքն էլ, որ մարդ չի սպանել, երկիր չի հանձնել, տուն չի թալանել, կոռուպցիոն խոշոր գործարքների մեջ չի մտել, լինելով աշխատավարձով «յոլլա գնացող» պաշտոնյա՝ անհասկանալի ծագման միլիոններով նորակառույց շենքերում թանկարժեք բնակարաններ գնել, որոշ նախկին մեծամասշտաբ «թալանչիների» նման՝ բժշկի թուղթ էլ չունի, որ կալանքից ազատվի, պիտի գնա ու անիմաստ «փտի» բանտում։
Վահե Մակարյան