Բժիշկը զգուշացրել է քթի կաթիլների վտանգների մասին․ կարող է նաև կախվածություն առաջանալ

Վազոկոնստրրիտորային կաթիլների հաճախակի կամ երկարատև օգտագործումը հանգեցնում է կախվածության, որը կարող է առաջացնել հայմորիտ ու նույնիսկ մենինգիտ: Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Անտոն Ռիզաեւը։
Մասնագետն ընդգծել է, որ քթի կաթիլների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցնում է նրան, որ հարբուխն ուժեղանում է և դառնում խրոնիկ։ «Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լորձաթաղանթի մշտական ազդեցության դեպքում մակերիկամները նվազեցնում են ադրենալինի արտադրությունը, և ժամանակի ընթացքում դրա մատակարարումը քթի լորձաթաղանթին ընդհանրապես դադարում է», - բացատրել է Ռիզաեւը:
Բժիշկը զգուշացրել է, որ քթի կաթիլներից կախվածություն ունեցող հիվանդները, բացի լորձաթաղանթի խրոնիկական այտուցներից, այլ լուրջ հետևանքներ են ունենում։ Մասնավորապես, խոռոչներից լորձի արտահոսքը վատանում է, ինչը կարող է առաջացնել վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են հայմորիտը և մենինգիտը:
Ռիզաևը նշել է, որ եթե կախվածություն է առաջանում, պետք չէ հանկարծ հրաժարվել վազոկոնստրրիտորային կաթիլներից։ Նա խորհուրդ է տվել դիմել բժշկի՝ ավելի մեղմ ազդեցություն ունեցող այլ դեղամիջոց գտնելու համար։ «Բժշկի հետ խորհրդակցելով՝ կարող եք փորձել անցնել ֆենիլեֆրինով դեղամիջոցի, որը նաև հեշտացնում է շնչառությունը, բայց գործում է ավելի մեղմ և ավելի կարճ ժամանակով»,- խորհուրդ է տվել քիթ-կոկորդ-ականջաբանը։
Բացի այդ, դեղամիջոցներից հրաժարվելու ժամանակ նա խրախուսել է քթի խոնավեցնող միջոցների օգտագործումն ու քիթը ողողել աղի լուծույթներով: Կարևոր է նաև ապահովել, որ սենյակներում ջերմաստիճանը հարմար է լորձաթաղանթների համար: Ռիզաեւի խոսքով՝ 20-22 աստիճան է, խոնավությունը՝ 50-60 տոկոս։