Ադրբեջանական քարոզ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ Աշոտ Զաքարյանն է, որի ղեկավարած գերատեսչությունն անցած օրերին դարձավ ադրբեջանական նարատիվների տրանսլյատորը:
Կրկնեց Բաքվի թեզը
Մինչև ադրբեջանական կողմի հարձակումը, Հայաստանի Ռազմական ոստիկանությունը, ըստ էության, չէր հերքել, որ հայկական դիրքերից են նախ կրակոցներ արձակվել: Ընդ որում, ընդգծել էին, որ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Ռազմական ոստիկանությունը, սակայն, շեշտել էր, թե նախնական տեղեկատվությամբ՝ նման իրավիճակ այդ հատվածում չի եղել: Գերատեսչությունն անգամ զգուշացրել էր՝ այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ինչո՞ւ են Հայաստանը դարձնում «լեգիտիմ թիրախ»
Եթե ՌՈ-ի վարքագիծը բացառություն կամ առանձին դեպք լիներ, կարելի էր այն անտեսել: Բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ իշխանությունը լծված է մի գործի՝ «հիմնավորել», թե Հայաստանը «լեգիտիմ թիրախ» է:
Ո՞րն է խնդիրը՝ այս մարդիկ դիլետա՞նտ են, թե՞ սպասարկում են օտար օրակարգ:
Վահրամ Բագրատյան