«Խաչելությունից հետո միշտ հարություն է լինում»․ մեր պարտքը Շուշիի ազատարարների հանդեպ միայն ծաղիկ խոնարհելը չէ

«Խաչելությունից հետո միշտ հարություն է լինում»․ մեր պարտքը Շուշիի ազատարարների հանդեպ միայն ծաղիկ խոնարհելը չէ

Արդեն 5 տարի է՝ Շուշիի ազատագրման տոնը նախորդ տարիների պես ոչ միայն շուքով չի նշվում, այլ 2023-ից հետո՝ Եռատոնը կորցրեց իր իմաստը։ Արցախի ամբողջական կորստից հետո Ադրբեջանը շարունակաբար պղծում է նույնիսկ Մեծ հաղթանակի հուշահամալիրները։

Այդուամենայնիվ՝ Արցախում տարած հաղթանակը շարունակում է մնալ գիտակից հայ հանրության սրտերում։ MediaHub-ի զրուցակիցն արցախցի վերլուծաբան Գեորգի Իսրայելյանն է։ Նրա կարծիքով՝ այս մայիսի 9-ը ոչ միայն անցյալի փառքի, այլ գալիք հաղթանակների ներշնչման օր է։

«Այսօր հայ ժողովուրդը հիշում է հայրենական երեք փառավոր հաղթանակները՝ Մեծ Պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման տոները։ Սրանք պարզապես օրացուցային փաստեր չեն։ Սրանք մեր պատմության կենդանի էջերն են։ Այս տոների հիմքում մարդիկ են՝ անուններով ու առանց անունների, որոնք ապրեցին, կռվեցին, զոհվեցին և հաղթեցին։ Մայիսի 9-ը նրանց փառքի, հիշողության և պարտքի օրն է»,-ասում է նա։

Իսրայելյանը ցավով պետք է ընդունում, որ այսօր Շուշին մեր աչքի առջև չէ, Արցախի բանակը՝ ձևով չկա։ Բայց ասում է՝ մեր սրտերում կա Շուշին, իսկ հոգում՝ Արցախը։

«Մեր հիշողության մեջ այն քաջերի բանակն է, որ չէր կրակում թշնամուն ատելով, այլ պաշտպանում էր մորը, հորը, եղբորը, զավակին ու սրբությունները՝ սիրելով։ Այս օրը մենք ոչ միայն խոնարհվում ենք անցյալի հաղթանակների առաջ, այլ նաև նայում ենք ապագային՝ հպարտությամբ, կամքով և հավատով։ Որովհետև հավատը մնում է այն միակ ուժը, որ կարող է անցյալի փառքը դարձնել ապագայի իրականություն։ Մեր պարտքը նրանց հանդեպ միայն հիշելն ու ծաղիկ խոնարհելը չէ։ Մեր պարտքը արժևորելն է՝ հասկանալով, որ նրանց զոհաբերությունը չի ավարտվում այնտեղ, որտեղ կանգ է առել ժամանակը։ Այն ապրում է մեր պատասխանատվության մեջ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։ 

«Խաչելությունից հետո միշտ հարություն է լինում»,- այս խոսքերն է մեջբերում վերլուծաբանը` հավատալով, որ հայ ժողովրդի համար՝ հարություն լինելու է։

«Մենք խաչվել ենք, այո։ Բայց մենք էլ ենք հարություն առնելու։ Մենք կվերադարձնենք Արցախը, կկառուցենք նոր Շուշի և կունենանք բանակ, որն իսկապես պաշտպան կլինի իր հողին ու իր արժեքներին»,- հավելեց Գեորգի Իսրայելյանը` շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ։

Հունան Թադևոսյան