Երբ նշում եք` Սարիկ Մինասյանը չհաղթած թեկնածու է, նաև նշեք, որ Վարդան Ղուկասյանը պարտված թեկնածու է․ Խուդաթյան

Երբ նշում եք` Սարիկ Մինասյանը չհաղթած թեկնածու է, նաև նշեք, որ Վարդան Ղուկասյանը պարտված թեկնածու է․ Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կոչ է անում զերծ մնալ «մանդատագողություն» կամ «մարդագողություն» եզրույթներից ու դրանք վերագրել իրենց։

Մասնավորապես, Խուդաթյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու ավագանիում ՔՊ-ի կողմից «Մեր քաղաքը» դաշինքով ագագանու անդամ դարձած, հետո մանդատից հրաժարված ու մեկ օր անց փոշմանած անձին իրենց կողմը քաշելու, այլ կերպ ասած՝ նրան «գողանալու» չհաջողված փորձին ու Գյումրիում իրենց ունեցած նկրտումներին, ասաց, որ «մանդատագողություն» տերմինի հետ համաձայն չէ և հիշեցրեց, որ այնտեղ այդ մասով իրավական որոշակի գործընթաց կա՝ տվյալ ավագանու անդամը դատարան է դիմել։ «Ուստի  չեմ ուզի մեկնաբանություն անել մի էնպիսի իրավիճակի վերաբերյալ, որի հետ կապված դեռևս իրավիճակը վիճարկելի է»,- ասաց Խուդաթյանը։

-Դուք ուզո՞ւմ եք փոխել իշխանությւոնը Գյումրիում, չե՞ք հաշտվում պարտության հետ, որ Ձեր թեկնածուն չի հաղթել, այլ Վարդան Ղուկասյանն է դարձել քաղաքապետ։

-Ես էդպիսի մեկնաբանություն չեմ անի, նորից եմ ասում՝ մենք ունենք էնտեղ օրենքով սահմանված գործընթացներ, որի հետ կա նաև դատական վեճ, և պիտի սպասենք էդ վեճի հանգուցալուծմանը։

-Այդ դատական վեճը ձեզ ի՞նչ կտա։ Այս պահին, փաստացի, ունենք իրավիճակ, որ Կարեն Բադալյանը հրաժարվել է մանդատից, հետո փոշմանել է և որոշել է մանդատը պահել, բայց խմբակցությունից դուրս գալ։ Կասկածներ կան, որ ՔՊ-ն ինչ-որ ճնշումներ է գործադրել կամ շահագրգռել է նրան, որ մանդատը պահի, բայց խմբակցությունից դուրս գա՝ հավանաբար անցնելով ՔՊ-ի կողմը։ 

-ՔՊ-ն ճնշումներ չի գործադրել ավագանու ոչ մի անդամի վրա, ՔՊ-ն չի շահագրգռել ավագանու ոչ մի անդամի, ավագանու անդամը սկզբում որոշում է ունեցել մարդատը վայր դնելու, դրանից հետո դիմել է վայր դնելու դիմումը կասեցնելու համար, մնացածը արդեն տեղյակ եք՝ դրան հաջորդել է էն իրավիճակը, որի մասին ես և Դուք ասացիք, ինչին ավելացնելու ոչինչ չունեմ։

-Բայց նախորդիվ էլի դեպքեր են եղել այլ համայնքներում, որ տեսել ենք, թե ՔՊ-ն ինչպիսի մեթոդների կիրառմամբ է մարդ «գողացել» մրցակից ուժերից։

-Իսկ ի՞նչ մեթոդների, ես պիտի խնդրեմ, որ Դուք էդպիսի գնահատականներ չտաք։

-Դե, մամուլում են այդպիսի գնահատականներ տրվում, որ նշանակում է՝ ՔՊ-ն մարդկանց քաշել է իր կողմը։

-Գիտենք՝ մամուլում հաճախ ինչպիսի գնահատականներ են տրվում, գնահատականների հետ համաձայն չեմ, եթե կա մի էդպիսի դեպք, որտեղ օրենքով սահմանված որևէ ընթացակարգ խախտվել է՝ էական չէ «Քաղաքացիական պայմանագրի», թե այլ քաղաքական ուժի կողմից, դրան պիտի հաջորդի իրավական գործընթաց։

-Բայց չի հաջորդել, չէ՞։ Մենք տեսել ենք, որ տարբեր համայնքներում ինչ-որ մարդիկ, որոնք ՔՊ-ին մրցակից այլ խմբակցությունների անդամ են եղել, մի քանի ամիս անց հանկարծ հայտնվել են ձեր թիմում։ Դա քաղաքական առումով նորմա՞լ պրոցես եք համարում․ թղթերով գուցե կարգին է ամեն ինչ։

-Դրանք քաղաքական գործընթացներ են, այո, դուք տեսել եք, որ այդ թվում նաև ՔՊ կուսակցությունից էդպիսի դեպքեր եղել են։

-Հիմա դա մարդագողությո՞ւն չէ քաղաքական առումով։

-Ոչ, մարդագողություն չէ, քաղաքական գործընթացներ են, եթե իրավական մասի հետ կապված խնդիրներ չկան։ 

-Լավ, Դուք Գյումրիում ուզո՞ւմ եք իշխանություն փոխել և հա՞շտ եք Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու հետ։

-Ես էդ ձևակերպման հետ համաձայն չեմ, ինձ համար կարևորը, որ գյումրեցիները հաշտ լինեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հետ, որովհետև Դուք գիտեք, որ Վարդան Ղուկասյանը ընտրություններում պարտված թեկնածու է, և գյումրեցիների մեծամասնության քվեն չստացած թեկնածու է, և, ավելին, Գյումրու ընտրություններում առաջին տեղ զբաղեցրած թեկնածուն համայնքի ղեկավար չի ընտրվել, և դա մենք ընդունում ենք ի գիտություն։

-Վարդան Ղուկասյանը պարտված թեկնածու է, բայց Սարիկ Մինասյանն էլ հաղթած թեկնածու չէ առնվազն՝ 50+1 ձայն չի հավաքել և պարտվել է հավաքական ընդդիմությանը։

-Սարիկ Մինասյանը ընտրություններում հաղթած թեկնածու է, բայց, այո, 50+1 ձայն չի հավաքել, մեր առկա օրենսդրական բազայով էդպիսի դեպքում նախատեսվում է նաև այլ թեկնածուի ընտրությունը, ինչը և եղել է Գյումրիի պարագայում։

-Այսինքն՝ օրենքով նորմալ է ամեն ինչ։

-Օրենքի հետ կապված որևէ խնդիր չունենք, բայց նաև պիտի արձանագրեմ, որ երբ Դուք նշում եք, թե Սարիկ Մինասյանը չհաղթած թեկնածու է, նաև պիտի նշեք, որ Վարդան Ղուկասյանը պարտված թեկնածու է, որովհետև Վարդան Ղուկասյանն ընդամենը ընտրողների ձայների 20 տոկոսն է ստացել։

-Նույն կերպ Երևանում էլ Տիգրան Ավինյանն է պարտված թեկնածու, որովհետև նա էլ է կոալիցիայով ընտրվել քաղաքապետ։

-Պարոն Ավինյանը առաջին տեղն է զբաղեցրել ընտրություններում։

Վահե Մակարյան