Արցախը հանձնածներն ու Եռատոնը միատոն դարձրածներն այսօր գողեգող եկան ու վախվորած փախան, որ Շուշիի մասին հանկարծ չլսեն

Արցախը հանձնածներն ու Եռատոնը միատոն դարձրածներն այսօր գողեգող եկան ու վախվորած փախան, որ Շուշիի մասին հանկարծ չլսեն

Մայիսյան Եռատոնն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում կառուցված Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո հայտարարվեց որպես միատոն։ 

Արցախն ու Շուշին հանձնած ՔՊ-ական իշխանավորներն այսօր ծաղիկներ խոնարհեցին 80 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ Խորհրդային միության տարած հաղթանակի համար, և ոչ մի խոսք՝ Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման մասին։ Նրանք վաղուց մոռացել են Շուշին էլ, Արցախն էլ, Պաշտպանության բանակն էլ, Եռատոնն էլ։ Նրանց համար չկա Եռատոն, քանզի նրանք «բարեհաջող» հանձնել են Շուշին ու Արցախը և փակել արցախյան հերոսամարտի փառավոր էջը։

Երեկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր սարսափում Շուշի բառից ու խորշում Շուշիի ազատագրման առթիվ մեր հղած շնորհավորանքից, այսօր էլ մյուս «նիկոլական» պաշտոնյաները չկարողացան որևէ բառ ասել իրենց ձեռամբ հանձնված Շուշիի ազատագրման առթիվ։

Նախ ՀՀ նախագահի անիմաստ պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ նստեց մեքենան ու հեռացավ՝ անպատասխան թողնելով MediaHub-ի հարցը, թե արդյոք իր համար Եռատո՞ն է այսօր։ Ալեն Սիմոնյանն էլ արագ «ճողոպրեց» այդ ընթացքում ու նստեց մեքենան, որ իրեն էլ հարցեր չուղղենք այս «ծանր թեմայով»։ Թեպետ՝ Ալենից առանձնապես որևէ լուրջ բան չէինք էլ ակնկալում, նա դժվար թե խոսեր արցախյան գոյամարտի, Շուշիի, այն ազատագրելու և որպես տոն նշելու մասին։ Բայց Վահագն Խաչատուրյանը Ալենը չէ՝ նա գոնե կարող էր որևէ հայրենասիրական մի բառ ասել։

Հետո մոտեցանք ԱԽ քարտուղար, Անվտանգության խորհհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը ծնունդով Արցախից է, իր հարսանիքն էլ արել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Նրան էլ ուղիղ հարցրինք՝ այսօր իր համար Եռատո՞ն է։ Եվ նա շատ ուղիղ պատասխանեց՝ ոչ։ Այսինքն՝ իր համար այսօր միատոն է։ Այո, առանց ամաչելու ասաց, որ իր համար այսօր բնավ էլ Շուշիի ազատագրման օրը չէ։ Նրա խոսքով՝ իրենք այսօր եկել են, որ հարգեն Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհածների հիշատակը։

Երբ հիշեցրինք, որ նախկինում իրենք գալիս էին նաև արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհածների համար, հիմա էլ չե՞ն հարգում նրանց հիշատակը, արցախցի Արմեն Գրիգորյանը մի կերպ, ամաչելով ու մի կես բերան խոստովանեց, որ իրենց հիշատակն էլ են հարգում։

Իսկ ինչո՞ւ չեն հայտարարում այդ մասին, կաշկանդո՞ւմ կա։

«Չէ, կաշկանդում չկա, Դուք ասում եք՝ տոն․․․ տոնն ու հիշելը տարբեր բաներ են»,- ասաց նա։

Երբ հարցրինք՝ Շուշիի ազատագրումը տո՞ն չէ, Գրիգորյանն այլևս չգիտեր ինչ պատասխանել ու սկսեց հորինել պատասխան, որ արդարացնի իրենց հրաժարումը Շուշիի ազատագրումը տոն համարելուց․ «Չէ, Դուք ասում եք՝ Եռատոն է, Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»։

Այդ ընթացքում հասցրեց մեքենան նստել ու լրագրողներից ճողոպրել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց մենք «բռնեցրինք» նրա տեղակալ Արման Սարգսյանին, որի լեզուն ևս չպտտվեց Շուշիի մասին մի բառ ասել։

Նրան էլ ուղիղ հարցրինք՝ ի՞նչ ուղերձ ունի մայիսյան Եռատոնի առթիվ և արդյոք Եռատո՞ն է իր համար Մայիսի 9-ը։ Փոխնախարարը, ուղիղ պատասխանելու փոխարեն որոշեց ուղղակի շնորհավորել օրվա հետ կապված։

Նաև Շուշիի ազատագրման հետ կապվա՞ծ է շնորհավորում, ուղիղ հարցրինք նրան՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ նշել են Շուշիի ազատագրումը։ 

«Այս օրը ես ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ, որպես խաղաղության և համերաշխ ապրելու խորհրդանիշ»,- պատասխանեց նա։

Ի վերջո նկատեցինք՝ Շուշին հանձնելուց հետո այլևս չի՞ կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, բայց պարոն փոխնախարարն ասաց, թե իբր մենք մանիպուլացնում ենք ու սկսեց շտապել դեպի իր մեքենան, որը չէր գտնում։ Մեր մյուս փորձերը՝ նրանից Շուշիի մասին մի բառ լսել Շուշիի ազատագրման մասին, անցան ապարդյուն։

Նկատեցինք նաև արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Նա էլ, ինչպես այս կառավարության մյուս «նիկոլական» անդամները, բնականաբար, չկարողացավ շնորհավորել Եռատոնի, այն է՝ նաև Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման առթիվ։

Միայն նշեց, որ այսօր հաղթանակի օրն ենք նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի մասին խուսափեց որևէ բառ ասել։

Երբ հիշեցրինք, որ տարիներ ի վեր Մայիսի 9-ին նշվել է նաև արցախյան գոյամարտում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը, ԱԳ փոխնախարարը․ ի վերջո, տեղի տվեց և, մյուսների համեմատ, ազնիվ գտնվեց ու խոստովանեց, որ նախկինում Շուշիի ազատագրման օրը նշել ենք, իսկ այսօր չենք նշում՝ «հայտնի պատճառներով»։

Ի դեպ, Արցախն ու Շուշին հանձնած ՀՀ կառավարությունն այս տարի չափազանց իմիջիայլոց էր վերաբերվել մայիսյան «միատոնին»։ Նախորդ տարիներին այստեղ վրաններ էին խփում, վետերանների հետ նկարվում էին պաշտոնյաները, շփվում, մասնակցում զինվորական ճաշի։ Այս տարի միայն եկան մի քանի րոպեում ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ ու արագ հեռացան՝ չշփվելով ո՛չ լրագրողների, ո՛չ վետերանների կամ հասարակ քաղաքացիների հետ։

Սա նաև հենց վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանի վրդովմունքն էր հարուցել։ Երբ մեկ ժամ անց նա ևս մի քանի վետերանների հետ ժամանեց Անմար կրակի մոտ, տեսավ, որ որևէ պաշտոնյա չկա և MediaHub-ի հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց, որ Հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ բոլոր երկրների կառավարությունները մեդալներ են տվել իրենց վետերաններին, և միայն ՀՀ կառավարությունն է անտեսել նրանց ու որևէ մեդալ չի տվել։ Նաև նեղսրտեց, որ նախկինում երբեք այսպիսի բան չէր եղել, որ կառավարությունն առանց վետերանների գար Հաղթանակի զբոսայգի, իսկ այս տարի իրենք իրենցով եկան, գնացին ու վետերաններին այդ մասին տեղյակ չեն պահել, որ գոնե միասին լինեին։

Վահե Մակարյան