Փաշինյանը որոշել է վերադառնալ ՌԴ գի՞րկը
Նիկոլ Փաշինյանը, ով ասում էր, որ «Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ» և որ «ՀԱՊԿ–ը ստեղծել է Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ», Փաշինյանը, որ ասում էր, որ Հայաստանը բոլոր մակարդակներում ՀԱՊԿ–ում սառեցրել է իր մասնակցությունը, այսօր, կարծես, մտքափոխվել է և գուցե որոշել վերադառնալ ՌԴ գիրկը:
Բանն այն է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը վերջին օրերին իր ակտիվությամբ հենց այդպիսի եզրահանգում անելու տեղիք է տալիս: Մասնավորապես, նախօրեին նա մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, թեև մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ-ն չի մասնակցել ՀԱՊԿ շրջանակում որևէ միջոցառման։
Ճիշտ է, MediaHub-ը դիմել էր ԱԳՆ, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ Երևանի դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել, ստացել էինք հետևյալ պատասխանը․ «ՀԱՊԿ–ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»։
Այդուհանդերձ, հարցեր այս ամենը առաջացնում է:
Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որոշել է բարելավել հարաբերությունները թե՛ ՀԱՊԿ–ի, թե՛ ՌԴ-ի հետ, և արդյոք կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փոխում իր աշխարհաքաղաքական կուրսը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։
«Որոշակի դրիֆտ դեպի հայ–ռուսական հարաբերությունների բարելավում ես էլ եմ նկատում, բայց, իհարկե, դա քիչ է բարելավելու համար այն, որ շատ երկար ժամանակ ոչ հիմնավորված գործողություններով վնաս հասցվեց։ Շատ էական էր Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, ԲՐԻԿՍ-ի միջոցառմանը Կազանում և ԱԳ նախարարի մասնակցությունը ռուսակենտրոն եվրասիական կառույցների այդ միջոցառումներին»,– նշեց Քեռյանը։
Ըստ քաղաքագետի՝ գուցե ՀՀ իշխանությունները հասկացան, որ չպետք է այդքան հեռու գնալ և փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, քանի որ Ռուսաստան–Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը կարող է վերածվել նրա, որ Հայաստանը պարզապես մենակ կմնա և կզրկվի նույնիսկ եղած տարածքներից։
«Այս շարժը կապված է Թրամփի ընտրության հետ. Թրամփը հաղթեց ընտրություններում, քանի որ խոստացավ դադարեցնել պատերազմը և ազատել ԱՄՆ քաղաքացիներին ոչինչ չտվող ռազմական ծախսերից: Եթե Թրամփը դադարեցնում է պատերազմը, սա ՌԴ–ին հնարավորություն է տալիս ազատել իր ռեսուրսները և նոր հնարավորություններ ստանալ հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը վերականգնելու համար»,– ասաց քաղաքագետը։
Քեռյանը համոզված է, որ ընդհանուր հեռացումը հայ–ռուսական հարաբերություններից վերաբերում էր հատկապես ՀԱՊԿ–ին։ Այս համապատկերում ՀՀ իշխանությունները հռչակեցին ՀԱՊԿ անդամության սառեցման կուրսը, թեև այդպիսի կարգավիճակ ՀԱՊԿ–ի կանոնադրությունը չի նախատեսում՝ կա՛մ անդամ ես, կա՛մ՝ ոչ։
«Սա պարզապես քարոզչական նարատիվ էր Արևմուտքին գոհացնելու համար: ՀՀ–ն չէր մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, ՀՀ–ն պաշտոնապես երբեք չի դիմել ՀԱՊԿ–ից դուրս գալու համար, և մասնակցել է, թե ոչ, ակտիվ է եղել, թե ոչ՝ սա մի կողմ, բայց ՀԱՊԿ–ի ղեկավարությունը որևէ փաստաթուղթ չի ցույց տվել, որ ՀՀ–ն դիմել է Կազմակերպությունից դուրս գալու համար։ Լավ է ՀԱՊԿ–ը, թե վատ՝ սա ուրիշ հարց է, իմ կարծիքով, շատ վատ ռազմաքաղաքական ինտեգրացիոն կառույց է, ՆԱՏՕ–ի հետ համեմատած ոչինչ է, սակայն, այլընտրանք գոյություն չունի։ Չեմ շտապում ասել, որ այս տեղաշարժը սխալների ընդունում է, ո՛չ. ՀՀ իշխանությունները մի բան ճիշտ են անում․ սպասում են, տեսնեն՝ Թրամփն իր խոստումները կկատարի՞, թե՞ ո՛չ»,– հավելեց Քեռյանը։
Եզրափակելով իր խոսքը՝ նա նաև շեշտեց, որ եթե ուկրաինական պատերազմը շարունակվեց, ՌԴ–ն այստեղ շատ թույլ դիրքեր է ունենալու, իսկ եթե դադարեցրեց պատերազմը՝ ռուսական վեկտորը դառնալու է վճռորոշ Հարավային Կովկասում։
Մարիաննա Արամյան