Միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, նաև վիդեոներն եմ տեսել․ Սանոսյանը՝ «Երևանի ՋԷԿ»-ում տեղի ունեցածի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղելիս անդրադարձավ երեկ MediaHub-ի հրապարակած տեղեկությանը՝ հետաքրքրվելով նախարարից, թե ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել երեկ «Երևանի ՋԷԿ-ում»։
Հիշեցնենք, մենք երեկ գրել էինք, որ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որ վերջերս «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն է նշանակվել, երեկ վիճաբանության մեջ է մտել ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու հետ, որը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է, հարվածել նրան, ինչից հետո շտապօգնություն են հրավիրել։
Սանոսյանն ասաց, որ տեղյակ է այս միջադեպից և ցավում է դրա համար․ «Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ, բայց նաև ինձ համար անհասկանալի է, գործընկերներից յուրաքանչյուրը պետք է փորձի իր աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս էնպիսի վարք դրսևորել, որ կանխվի, ու նման բաներ տեղի չունենան։ Բայց ինքը մեծ միջադեպ չի, ծեծկռտուք չի եղել, եղել է առավոտյան ութն անց քանիս, այսինքն՝ դեռ աշխատանքային ժամ էլ չի եղել, մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն և, ավելի շատ, հրմշտոց է եղել։ Ես նաև վիդեոներն եմ տեսել, այսինքն՝ էդպես ծեծկռտուք, ինչ-որ էդպիսի բան չի եղել։ Ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում՝ էնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը։ Մնացածը՝ որոշակի գործընթաց կա, երևի ավելի մանրամասն կպարզվի»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան