ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանը, քծնելով ՀԾԿՀ նախագահի թեկնածուին, ծաղրում է ախտեցիներին, Հրազդանն էլ համարում առանձին երկիր

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր ՔՊ-ի ներկայացրած ՀԾԿՀ թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին քծնելու համար սկսեց անադեկվատ և տարօրինակ մտքեր հայտնել՝ թերևս չգիտակցելով իր խոսքի արժեքը։
Նա նախ հիշեց, որ ինքն ու թեկնածուն նույն տարածքից են, այսինքն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից, ավելի ստույգ՝ Հրազդանի շրջանի մեջ մտնող Ախտա գյուղից, ու որոշեց, որ այդ իմաստով իրենք համերկրացիներ են․ «Հետաքրքիր է, որ ես և Դուք ֆեյսբուքյան ընկերներ ենք, մենք նաև համերկրացիներ ենք, և ես պարբերաբար եմ հետևում Ձեր ֆեյսբուքյան գրառումներին՝ լրահոսն է բերում, ես այնտեղ տեսել եմ, որ Դուք շատ եք սիրում Ձեր հայրենիքը և պարբերաբար ընտանեկան լուսանկարներ եք տեղադրում՝ այսպիսով նաև ցույց տալով Հայաստանի գեղատեսիլ վայրերը և սեր եք արթնացնում բոլորի մոտ՝ առ հայրենիք»։
Փաստորեն, ՔՊ-ական պատգամավորի համար Հրազդանն առանձին երկիր ու, հետևաբար, առանձին հայրենիք է, որը, ի զարմանս մեզ, Ստեփանյանի քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հանձնել։ Երևի ինքը, ի տարբերություն այս ՔՊ-ականի, Հրազդանը առանձին երկիր ու հայրենիք չի համարում, թե չէ Արցախի պես դա էլ կհանձներ։
Մյուս աբսուրդը, որ ընդամենը անգրագիտության դրսևորում է, այն է, որ դպրոցական շարադրության ոճով իր մտքերն արտաբերող Լիլիթ Ստեփանյանը մատնանշում է Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված ընտանեկան լուսանկարները Հայաստանի տարբեր հատվածներից՝ դա գնահատելով որպես հայրենասիրության վառ օրինակ։ Ընդ որում, մասնավոր անձի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարները ՔՊ-ական պատգամավորը համարում է որպես լրահոս և հայտարարում է, թե դրանք «լրահոսն է բերում»։
Բայց ՔՊ-ականի հայրենասիրական զեղումներն այսքանով չավարտվեցին։ Նա իր խոսքի կեսից որոշեց ծաղրել նաև իր «համերկրացիներին»՝ ախտեցիներին, որոնց ժողովրդական լեզվով հաճախ «քոռ ախտեցի» են ասում։ Ուստի, Լիլիթ Ստեփանյանը, հավանաբար ինչ-որ բան փորձելով հասկացնել ընդդիմադիրներին, Մեսրոպ Մեսրոպյանին դիմելով՝ ասաց․ «Հետաքրքիր է, պարոն Մեսրոպյան, ես և Դուք ենք ախտեցի, բայց, կարծես, ուրիշները չեն տեսնում այս ամենը»։
Հետաքրքիր է՝ իր «համերկրացի» ախտեցիները ինչպե՞ս կընդունեն ՔՊ-ական պատգամավորի կողմից այսօրինակ ծաղրը՝ ուղղված այս համայնքի բնակիչներին։
Վահե Մակարյան