Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կհանդիպի՞ Ադրբեջանի և ՌԴ ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կհանդիպի՞ Ադրբեջանի և ՌԴ ներկայացուցիչների հետ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա. Անկարայում նա մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

MediaHub-ի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովին Խաչատրյանը տեղեկացրեց, որ բացի ելույթից, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այդպես,  Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ:

«Բացի այդ, նախատեսված է հանդիպում նաև Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

Քանի որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ են հանդիսանում նաև Ռուսաստանն ու Ադրբեջանը, խոսնակից հետաքրքրվեցինք՝ այս երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ լինելո՞ւ են.

«Ի պատասխան ձեր հարցի նշեմ, որ նախատեսված չեն նման հանդիպումներ»,- ասաց Ծովինար Խաչատրյանն ապա հավելեց՝ նշված երկրները առաջին դեմքով չեն ներկայացված լինելու:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա վաղը:

Նշենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: Սերբիայի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է 2004 թվականին:

Նպատակ ունենալով խթանել անդամ երկրների միջև փոխգործակցությունը և ներդաշնակությունը՝ խրախուսելով բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները սևծովյան տարածաշրջանում՝ ՍԾՏՀ-ն այսօր տասներկու անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության համար բազմաբնույթ ոլորտներում:

Կազմակերպությունը ներկայումս ունի տասներեք անդամ պետություն՝ Ալբանիա,
Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն,
Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան
Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն
Ուկրաինա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա:
ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակ ունեն հետևյալ պետությունները.
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Իսրայելի Պետություն
Իտալիայի Հանրապետություն
Լեհաստանի Հանրապետություն
Սլովակիայի Հանրապետություն
Թունիսի Հանրապետություն
Միջազգային Սևծովյան ակումբ
Էներգետիկ խարտիայի քարտուղարություն
Սևծովյան ավազանի աղտոտման դեմ պաշտպանության հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողով