Անհետ կորածների ծնողներն ամբողջ գիշեր Փաշինյանի առանձնատան դիմաց են անցկացրել, հանդիպում են պահանջում 

Անհետ կորածների ծնողներն ամբողջ գիշեր Փաշինյանի առանձնատան դիմաց են անցկացրել, հանդիպում են պահանջում 

44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների հիսունից ավելի ծնողներ երեկ երեկոյից կառավարական առանձնատան դիմաց են, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ 

«Մենք պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի, պատասխան տա։ Մենք մեր երեխեքին ենք ուզում՝ տարել է, թող պատասխան տա։ Երկու տարի վեց ամիս է՝ մենք սպասում ենք։ Ու մեզ ոչ մի պատասխան չի տվել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ 

Ծնողների խոսքով՝ իրենց որդիները կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, բայց պետությունն էլ ունի պարտավորություն, պետք է ապահովեր տղաների անվտանգությունը, այսինքն՝ «պետությունն էլ պարտավորություններ ունի, ո՞վ պիտի գնա մեր երեխաներին բերի, մե՞նք՝ ծնողնե՞րս»։

Բացի այդ, տղաների հարազատները նշում են՝ իրենց երեխաների ճակատագրի մասին պետք է պարտադիր տեղեկացնեն իրենց և տալ տուժողի կարգավիճակ։

«Ես իմ երեխայի ծնողն եմ, բայց ՔԿ-ն թույլ չի տալիս ծանոթանալ նրա գործին։ Այսինքն՝ այդ կարգավիճակը պետք է»,- նշեց մայրերից մեկը։

«Մենք գիտենք, որ մեր երեխաները Բաքվում են, մեզնից շատերը տեսանյութեր ունեն։ Ու հիմա պետք է պետությունը վերադարձնի մեր տղաներին։ Փաշինյանն ասում էր, որ տղաները կներեն իրեն՝ երկու ամիս ավելի Բաքվի բանտում մնալու համար։ Բայց արդեն 2.5 տարի է անցել։ Իսկ մեր երեխաներին անգամ կարգավիճակ չեն տվել, չնայած, մենք գիտենք, որ գերության մեջ են»,- նշեց մեկ այլ ծնող։ 

Ակցիա իրականացնողներն ամբողջ գիշեր անձրևի տակ սպասել են, որ Փաշինյանի կողմից որևէ արձագանք լինի, բայց միայն այսօր առավոտյան են նրանց կառավարական առանձնատնից տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին կընդունի ծնողներին, որոնք գիշերել են կառավարական առանձնատան դիմաց։

«Հիմա սպասում ենք, որ մեզ հետ կապվեն, ժամի ու վայրի մասին հայտնեն։ Բայց եթե այս անգամ էլ մեզ չընդունի, չգիտենք, թե էլ ինչ ենք անելու»,- նշեց մայրերից մեկը։ 

Ծնողները վստահեցնում են՝ որևէ քաղաքական ենթատեքստ չի կրում իրենց ակցիան, իրենք միայն իրենց զավակների վերադարձն են ուզում։ «Մենք կմոռանանք բոլոր դավաճանությունները, միայն թե մեր երեխաներին թող վերադարձնեն»,- ասում են նրանք։

Նշենք, որ անհետ կորած տղաների ծնողները հերթով այցելել ու այցելելու են տարբեր գերատեսչություններ՝ ներկայացնելու իրենց պահանջը։ 

Նարե Գնունի