Տնօրենը դեմ չէ, որ Արցախի քարտեզը փակցվի կայարաններում․ ինչո՞ւ է ջնջվում պատմությունը մետրոպոլիտենի պատերից

Տնօրենը դեմ չէ, որ Արցախի քարտեզը փակցվի կայարաններում․ ինչո՞ւ է ջնջվում պատմությունը մետրոպոլիտենի պատերից

Վերջին շրջանում քաղաքացիները հաճախ են ահազանգում, որ Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններից հեռացվում են Հայոց պատմության մեր փառավոր դրվագների մասին պատմող նկարներն ու գրությունները: Օրինակ՝ Սարդարապատի հերոսամարտի մասին պատմող նկարները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից, ինչպես նաև մեր պատմական Հայաստանի քարտեզը, որ փակցված էր «Հանրապետության հրապարակ» կայարանում։ «Գարեգին Նժդեհ» կայարանում նաև հայ հոգևորական մահապարտների նկարն էր փակցված, որը զարմանալի զուգադիպությամբ հենց այս օրերին, երբ Հայաստանի իշխանությունները «խաչատյաց արշավանք» են սկսել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի դեմ, նույնպես հեռացվել է մետրոյի այդ կայարանի պատերից։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Հայաստանի պատմությունը մետրոպոլիտենի պատերից ջնջելու հրահանգը իջեցվել է վերևներից։ Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն ոչ ոք նման հրահանգ չի տվել, և այդ նկարներն ու քարտեզը հեռացվել են զուտ մաշվածության ու խամրածության պատճառով, ինչի վերաբերյալ հաղորդագրություն տարածել էին ավելի վաղ։

«Ուրեմն, ժամանակ առ ժամանակ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում մաքրման-վերականգնողական աշխատանքներ են կատարվում, որոնք կայարանների ճարտարապետական տեսքը պահպանելուն են միտված։ Այդ աշխատանքների շրջանակներում հեռացվում են նաև այս կամ այն պատմական իրադարձության տարեդարձներին նվիրված թեմատիկ պաստառներ, որոնք թարմացվելու են հաջորդ հոբելյանին՝ թարմացված վերականգնելու կամ թեմատիկ պաստառներով փոխարինելու համար։ Սա՝ «Գարեգին Նժդեհ» կայարանի մասով, որը 1918 թվականի 100-ամյակի հետ էր կապված, ու դա ժամանակավոր է էդտեղ եղել, և արդեն պատերից պոկված, կախված, հին նկարներ էին։ Եւ նոր հոբելյանին, եթե անհրաժեշտություն լինի, նորից թարմացված ձևով կտեղադրվեն։ Դա ժամանակին Հանրային ռադիոյի և Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությունն է եղել»,- այսպես պարզաբանեց Բաբկեն Սեդրակյանը։

-Այսինքն՝ հնարավոր է, որ այլևս անհրաժեշտություն չլինի՞։

-Դա եմ ասում, որ դա մեր նախաձեռնությունը չի եղել, այլ 2018 թվականին եղել է Հանրային ռադիոյի և մետրոպոլիտենի համատեղ նախագիծը, մետրոպոլիտենը կպցրել է ժամանակավոր, որ պետք է հստակ ժամանակ հետո հանվեր։ Հետագայում, նորից, եթե անհրաժեշտություն լինի, արդեն նոր, թարմացված ձևով կարելի է փակցնել, եթե առաջարկ լինի։

-Դա անձամբ Ձե՞ր նախաձեռնությունն է, թե՞ ինչ-որ տեղից ուղղորդել, հանձնարարել են Ձեզ։ 

-Չէ, ուղղորդելու կամ որևէ հանձնարարականի հարց չկա, էլի եմ ասում՝ ճարտարապետական տեսքը պահպանելու համար ժամանակ առ ժամանակ նմանատիպ աշխատանքներ կատարում են։ Հիմա «Գարեգին Նժդեհ» կայարանում քարերի արանքից ջուր և աղ էր դուրս տալիս, հիմա հատուկ նյութեր ենք ձեռք բերել, և դրանք լրիվ մաքրվելու են։

-Այսինքն՝ Ձեր նախաձեռնությունն է եղել այդ նկարները հեռացնելը։

-Դա, այո, մետրոպոլիտենի նախաձեռնությունն է, քանի որ դրանք ժամանակավորապես էին կպցված՝ այդ հոբելյանի հետ կապված։

-Պարզապես այս զգայուն շրջանում, երբ Հայաստանում իրական ու պատմական Հայաստանի վերաբերյալ քաղաքական դիսկուրս է ծավալվում, մարդկանց մոտ անհանգստություն կա, որ Երևանի մետրոպոլիտենի պատերից, փաստորեն, մաքրվում է մեր պատմությունը։

-Չէ, քաղաքական որևէ բան չկա, ես Ձեզ հավաստիացնում եմ, ու որևէ նմանատիպ խնդիր չկա, մենք էլ քաղաքականությամբ չենք զբաղվում։ Եթե հետաքրքիր կլինի, կգաք՝ ես Ձեզ ցույց կտամ, թե որքանով է սիրուն, որ պոկված, սկոչերով կպցրած նկարներ են պատերին։

-Ձեր ասածը լիովին արդարացված կլինի, եթե ողջամիտ ժամկետում նույն նկարներն ու քարտեզը ավելի թարմ տեսքով վերականգնվեն։

-Հիմա տեսեք, էդ ծրագրի հետ կապված, էլի եմ ասում, նախաձեռնությունը եղել է Հանրային ռադիոյինը, և էն ժամանակ հաստատված արվել է։ Հիմա էլի, եթե նմանատիպ առաջարկություններ լինեն, էդ մաքրման աշխատանքներն էլ, որ կատարենք, էլի եմ ասում՝ ժամանակ առ ժամանակ կարող է փոխվել։ Հիմա ինչքանո՞վ է սիրուն, որ 2018 թվականից էդպես ճղած, կողքը սկոչով կպցրած՝ էդ նկարները մնացել են։

-Իսկ «Հանրապետության հրապարակ» կայարանի քարտեզի մասով ի՞նչ կասեք։

-«Հանրապետության հրապարակ» կայարանի հետ կապված էլ՝ էդտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, և վերջացնելուց հետո, եթե առաջարկություններ լինեն, կքննարկենք, որ նորացված ինչ-որ բան լինի։

-Այսինքն՝ հնարավո՞ր է, Հայաստանի իսկական քարտեզը, ոչ թե այն տարբերակը, որում Արցախը չկա, Տավուշի որոշ հատվածներ չկան, վաղը գուցե Երևանը չլինի, Սևանը չլինի և այդպես շարունակ, նորից փակցվի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատերին։

-Հասկացանք՝ պատմական, բայց էլի եմ ասում՝ մետրոպոլիտենում ամեն տեղ, որտեղ փակցված նկարներ կան, ժամանակավոր են դրանք։ Նախ, ճարտարապետական տեսքի հետ կապված՝ ճարտարապետի հետ կզրուցենք, եթե պետք լինի, նորից էլի կվերականգնենք։ Էս պահին ռեալ բան չունենք, հիմա էնտեղ աշխատանքներ են կատարվում, պետք է ամբողջը վերանորոգվի, որովհետև վերևից ջրեր են հոսում, դա է ամբողջ խնդիրը, ու որևէ քաղաքական միտում չկա էդտեղ։

-Չնայած Դուք ասում եք՝ քաղաքական հարց չկա այստեղ, բայց մեզ ասացին, որ կառավարությունից դժգոհել են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերաբերյալ լրիվ այլ քարտեզ է ցույց տալիս, իսկ մետրոպոլիտենում լրիվ այլ քարտեզ է փակցված, դրա համար էլ հրահանգել են հանել։

-Ես հավաստիացնում եմ, որ նմանատիպ հրահանգ չունենք մենք, և մետրոպոլիտենը քաղաքականությամբ չի զբաղվում։

-Այսինքն՝ Դուք ազա՞տ եք ցանկացած տեսակի քարտեզ փակցնել մետրոպոլիտենի կայարաններում, այդ թվում՝ պատմական Հայաստանի։

-Այո, պատմական և մնացած, այսպես ասեմ, ճարտարապետական տեսքը պահպանելով, որովհետև ինչ էլ կատարվում է մեզ մոտ, էլի եմ ասում, ճարտարապետների հետ համաձայնեցված է արվում։ Որ այցելեք «Երիտասարդական» կայարան, կտեսնեք, որ էնտեղ լույսեր ենք, փոխել, բան ենք արել․․․

-Լույսերը՝ մի կողմ, ես ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ մետրոպոլիտենի կայարաններից մեկում փակցված էր Հայաստանի քարտեզը՝ ներառյալ Արցախը, հիմա Արցախը չունենք, իհարկե, բայց ուզում եմ հստակ ասեք՝ վաղը, եթե ցանկանաք Հայաստանի քարտեզը նորից փակցնել մետրոպոլիտենի կայարաններից մեկում, վստահ եմ՝ անձամբ Դուք Արցախն էլ կներառեք այդ քարտեզում, կարո՞ղ է դրանից հետո խնդիր առաջանա կառավարության հետ։

-Չէ, ոչ մի խնդիր չի առաջանա։ Էլի եմ ասում՝ հիմա, որ նայենք, ջուրը գալիս վերևից լցվում է, էդ խոնավությունն է, բանն է․․․ Եթե Դուք մետրոյից օգտվում եք, ինձ թվում է՝ տեսնում եք, որ աշխատանքներ են կատարվում։ 

-Մի խոսքով, Դուք դեմ չեք, որ աշխատանքներն ավարտելուց հետո, երբ պատերը չոր լինեն, Հայաստանի քարտեզը՝ Արցախն էլ մեջը, նույնիսկ Արծվաշենը, մնացած տարածքներն էլ հետը, փակցնեք մետրոպոլիտենի կայարաններում։

-Չէ, չէ, դեմ չեմ։

-Ես վստահ չեմ, իհարկե, որ դրանից հետո Դուք պաշտոնի կմնաք, բայց շնորհավորում եմ։

-Շնորհակալություն։

Վահե Մակարյան