Պատերազմը խլեց մոր ու դստեր երջանկությունը․ սիրելիների կորստից հետո Նոնայի ընտանիքը կյանքը սկսում է զրոյից 

Պատերազմը խլեց մոր ու դստեր երջանկությունը․ սիրելիների կորստից հետո Նոնայի ընտանիքը կյանքը սկսում է զրոյից 

«Երբ սկսեցին բոլորն իջնել դիրքերից, իսկ Մխիթարից լուր չկար, ես 3 տարբերակ մտածեցի․ կամ գերի է, կամ շրջափակման մեջ է և կամ զոհվել է։ Որովհետև Մխիթարը մեր շրջանում ամեն թփի տեղը գիտեր, ուստի սպասում էի, որ շրջափակման մեջ կլինի, դուրս կգա»,- MediaHub-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի լույս 20-ի ծանր գիշերվա զգացողություններն է վերապրում առաջաձորցի Նոնա Հովսեփյանը։ 

Ամուսնու՝ Մխիթար Բաղմանյանի հետ ապրել է 20 տարի։ «Դրանք երջանիկ տարիներ էին։ Ապրում էինք արդեն մտածելով մեր 3 զավակների մասին, որ իրենց երազանքներին հասցնենք։ Դուստրս՝ Իլոնան, նշանադրված էր։ Բայց պատերազմը խլեց ոչ միայն իմ, այլև աղջկաս երջանկությունը»,-ասում է նա։ 

Մխիթար Բաղմանյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, արժանացել պետական ու գերատեսչական մի շարք մեդալների ու պատվոգրերի։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո որոշել էր ծառայությունը շարունակել ՊԲ շարքերում, որպես պայմանագրային զինծառայող։

«Նրա մարտական ուղին հավաստող բոլոր փաստաթղթերը թողել եմ Առաջաձորի մեր տանը, որովհետև գյուղից տարհանումն այնքան անսպասելի է եղել, որ նույնիսկ չեմ հասցրել նկարները վերցնել»։ 

Սեպտեմբերի 19-ին Մխիթարը տանն էր, երբ «համար 1» ուժեղացված հրամանով նորից գնացել է Սրխեվանդի զորամաս։ Նոնան հիշում է, որ դրանից հետո քույրն իրեն զանգել ու ասել է, որ դիրքերում, որտեղ Մխիթարն է, կրակում են։ 

«Զանգեցի Մխոյին, պատասխանեց ու ասաց, որ դեռ դիրքեր չի բարձրացել, սպասում է մեքենային։ Հետո, երբ լայնամասշտաբ պատերազմը սկսվեց, կապն ամբողջությամբ ընդհատվեց»,- պատմում է երիտասարդ կինը։ 

Նոնայի հարազատ քույրը ևս Առաջաձորում է ամուսնացել։ Կարինեի ամուսինն էլ դիրքերում էր, տեգրը՝ նույնպես։ Մի խոսքով՝ գյուղի տղամարդկանց մեծ մասը լծված էր հայրենիքի պաշտպանությանը, իսկ նրանք, ովքեր գյուղում էին, զենքերով հերթապահում էին գյուղի շարժը, հսկում ելումուտը. «Մխիթարի հորեղբոր տղան էր գնում-գալիս որոշակի նորություններ ասում, բոլորս անհանգիստ էինք, այդպես էլ լուսացրել ենք անորոշության մեջ։ Առավոտյան, երբ գնացի իմ հայրական տուն, տեսել եմ հայրս մյուս համագյուղացիների հետ զենքով դուրս են գալիս։ Հարցրեցի՝ «ո՞ւր եք գնում», ոչինչ չպատասխանեց։ Իրավիճակն այնքան բախտորոշ էր, որ նույնիսկ տարեցներն էին զինված։ Հետո իմացա, որ մեր գյուղ բերող կամրջի մոտ հրետակոծել են ու զոհեր կան, գնացել են իրենց տարհանեն»։ 

Սեպտեմբերի 20-ի առավոտը բարի չբացվեց Նոնայի համար։ Անընդհատ լսել են մտերիմ ու հարազատ մարդկանց զոհվելու մասին, իսկ քիչ հետո՝ ցավալին․ գյուղը տարհանվում է։

«Ու այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ միայն երեխաների փրկության մասին էի մտածում, քան նյութական ինչ որ բան վերցնելու։ 16 հոգով տեղավորվել ենք մի մեքենայի մեջ, դուրս եկել։ Տեգրս գիտեր Մխիթարի զոհվելու մասին, բայց քանի որ հավաստի չէր, բան չասաց։ Հետո, երբ բոլորը եկան, իսկ ինքը չէ, արդեն պարզ էր, ավելի ուշ հստակ ասացին, որ Մխիթարը զոհվել է 707 մարտական դիրքում»,- ասում է նա։ 

Մխիթարի ու Նոնայի դուստրը՝ Իլոնան, նշանադրվել էր հադրութեցի Ալեքսանդրի հետ, բայց. «Սաշկան էլ զոհվեց Ճանկաթաղի դիրքերում»․․․ 

Պատերազմը խլեց մոր ու դստեր երջանկությունը։ Մխիթարի աճյունը դիրքերից իջեցրել են բավականին ուշ։ Նոնայի ընտանիքը մինչև սեպտեմբերի 28-ը մնացել է Ստեփանակերտում։ Նախ ամուսնուն է ճանապարհել, հետո և ինքն է բռնել գաղթի ճամփան․ «Բոլորս առանձին-առանձին մեքենաների մեջ ենք տեղավորվել։ Հակարի կամուրջն անցնելուց հետո միայն միավորվեցինք, իրար տեսանք, միասին մի կտոր հաց կիսեցինք ու ճանապարհվեցինք»։

Մխիթար Բաղմանյանը և դստեր սիրելին՝ Ալեքսանդրը, հուղարկավորվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մխիթարը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ 

Հունան Թադևոսյան