Պուտինը Փաշինյանին հրավեր ուղարկե՞լ է

Պուտինը Փաշինյանին հրավեր ուղարկե՞լ է

2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պիտի մեկնի ՌԴ, քանի որ այս տարի ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։

Նշենք, որ դրանից հետո էլ՝ մայիսի 9-ին, ՌԴ-ն նշելու է հաղթանակի տոնը, որին արդեն իսկ սկսել է պատրաստվել։ ՌԴ նախագահի խոնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ տոնը նշվելու է, բայց դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրների առաջնորդներն են հրավիրվելու տոնակատարությանը։

Առաջ անցնելով՝ MediaHub-ը փորձեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից տեղեկանալ, թե արդյո՞ք Հայաստանը ՌԴ-ից հրավեր ստացել է մասնակցելու հաղթանակի 79-ամյակին նվիրված զորահանդեսին ու մյուս միջոցառումներին։ Ի պատասխան մեր հարցի՝ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ 

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնժողովին մասնակցելու վերաբերյալ մեր հարցին, ապա Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ըստ ավանդույթի․ «Վարչապետի այցերի մասին մենք ճիշտ ժամանակին հաղորդագրություն ենք տարածում»։

Մինչդեռ փորձագիտական շրջանակներում՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան, կանխատեսում են, որ Փաշինյանը կմեկնի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին (եթե ներքաղաքական իրավիճակը շատ լարված չլինի), բայց Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսին չի մնա:

Նարե Գնունի