Վատ օրինակը վարակիչ է. ինչո՞ւ է պետական կայքերից հեռացվում «Արցախ» բաժինը 

Վատ օրինակը վարակիչ է. ինչո՞ւ է պետական կայքերից հեռացվում «Արցախ» բաժինը 

ՀՀ նախագահի կայքից հանվել է Արցախին նվիրված բաժինը։ Այս մասին այսօր ահազանգ էր հնչեցրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս է՝ նույնանուն բաժինը հանված է նաև ԱԳՆ-ի կայքից։ 

MediaHub-ն այս թեմային պարբերաբար անդրադառնում է, թե երբ են, ի վերջո, վերականգնելու ԱԳՆ կայքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բաժինը, սակայն ԱԳՆ-ից ամեն անգամ անորոշ պատասխան են տալիս, թե աշխատանքներ են տարվում բաժինը թարմացնելու ուղղությամբ, հենց պատրաստ լինի՝ նորից կզետեղեն։ Նախագահականից էլ փորձեցինք պարզել, թե ինչու են իրենց կայքից նույնպես հանել Արցախին նվիրված բաժինը, արդյոք սա միտումնավո՞ր է արվում։ 

Նախագահականից նախ մեզ բացատրեցին հետևյալը, որ նախագահականի կայքում Արցախին նվիրված բաժինը նույնությամբ կրկնում է ԱԳՆ կայքում զետեղված Արցախ բաժինը, և այն ներառում էր Արցախի պատմությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը մինչև 2016-2017 թվականը, իսկ դրանից հետո շատ ջրեր են հոսել Արցախի շուրջ, և կարիք կար թարմացնել պատմությունը։ Ուստի հիմա ընթանում են այդ բաժնի խմբագրման, արդիականացման և լրամշակման աշխատանքները, այսինքն՝ ամբողջացնում են, որ բերեն-հասցնեն մինչև մեր օրեր։ 

«Ու զուտ այդ լրամշակման ու խմբագրական աշխատանքների պատճառով ժամանակավորապես ինչպես ԱԳՆ կայքում, այնպես էլ մեր կայքում անհասանելի է այդ բաժինը»,- MediaHub-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի պատասխանատու Աղասի Մարգարյանը։ 

Նա, սակայն, դժվարացավ պատասխանել, թե երբ պատրաստ կլինի, որ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը: «Ես երեկ չէ առաջին օրն եմ ԱԳՆ-ի հետ խոսել, հենց հիմա այդ ամբողջ բաժինը շարադրվում է, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց մաքսիմալ արագ, հենց պատրաստ լինի, նորից հասանելի կլինի կայքում։ Ուզում եմ ասել, որ միտում չկա կայքից այդ բաժինը հեռացնելու»,-ասաց Աղասի Մարգարյանը։ 

Ի դեպ, նա նաև նշեց, որ նախագահականի կայքում այդ բաժինը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Արցախ»։ Հավանաբար, թարմացնելուց և լրամշակելուց հետո բաժնի անունն էլ կփոխվի ու կդառնա «Լեռնային Ղարաբաղ», այսինքն՝ այն, ինչի վերածեցին այս իշխանությունները Արցախի Հանրապետությունը։ 

Ստացվում է, որ նախագահականի ու ԱԳՆ-ի կայքում մինչև վերջերս Արցախին նվիրված բաժնում զետեղված էր Արցախի պատմության միայն այն փառավոր շրջանը, երբ Արցախը մերն էր, կանգուն էր, հաղթանակած էր, ազատ ու անկախ։ Հիմա, ըստ էության, երբ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը, այնտեղ կավելացնեն նաև Արցախի անփառունակ շրջանը, թե ինչպես այս իշխանությունները «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգների անվան տակ Արցախում պատերազմ բերեցին, հետո Արցախը պարտության մատնեցին, վերջում էլ Արցախը պաշտոնապես ճանաչեցին Ադրբեջանի մաս և հանձնեցին մեր թշնամիներին։

Իհարկե, Հայաստանի իշխանությունները այդ ամենը կփաթեթավորեն այնպես, որ Արցախը դեռ 1991 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարում, Ալմա-Աթիի հռչակագրով Ադրբեջանի մաս «ճանաչել են» նախկինները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Եվ եթե այսպես շարունակվի, Արցախի բաժինը թարմացնելուց հետո ՀՀ իշխանությունները, հավանաբար, կլծվեն նաև ԱԳՆ-ի և նախագահականի կայքում «Տավուշ» բաժին ավելացնելու գործին, քանզի այս տեմպերով մինչև Արցախի բաժինը թարմացնեն, Տավուշն էլ հանձնած կլինեն։

Վահե Մակարյան