Ուշագրավ մանրամասներ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների և «Մերձմոսկովյան» ԲԲԸ պատասխանատուի ձերբակալությունից

Ուշագրավ մանրամասներ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների և «Մերձմոսկովյան» ԲԲԸ պատասխանատուի ձերբակալությունից

Մոտ տասն օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյայի։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ 

Նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, արդեն կալանավորված են և մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։ Եւս երկու հոգու էլ ձերբակալել են կաշառք տալու մեղադրանքով։ Նրանք էլ շինարարական ընկերությունների ղեկավարներ են։ Մեկը Շիրակի մարզում մշտապես խոշոր շինարարական տենդերներ շահած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանն է (ընկերության հիմնադիրը Ադամյանի հայրն է՝ Արամ Ադամյանը)։ Ժամանակին ՊԵԿ-ը հենց այս ընկերությանն էր մեկ անձից գնման ընթացակարգով պատվիրակել Գյումրու մաքսատան շինարարությունը։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել, իսկ մյուս կալանավորվածը Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն է, որը ևս շինարարական ընկերություն ունի՝ «Ույուտ» ՍՊԸ-ն։

Mediahub-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ձերբակալություններից։ Նախ, Արտակ Ադամյանի մասին մամուլում հրապարակումներ եղան, որ նա Գյումրու երբեմնի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ անձանցից է, նաև մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Մեզ ասացին՝ Ադամյանին ձերբակալել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանին 140 հազար դրամ կաշառք տալու համար։ 

Շիրակի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին էլ, որը Արթիկում հայտնի է «Շակալ» մականունով, ձերբակալել, ապա կալանավորել են 300 հազար դրամ կաշառքի համար։ Այս գործով, ընդհանուր առմամբ, վեց անձ է անցնում, որոնցից չորսը կազմակերպության ներկայացուցիչներ են․ նրանք հերթով մտել կաշառք են տվել Խաչատուր Խնձրցյանին։ Վերջինս, ի դեպ, Վեդու քաղաքապետ Գարիկ Սարգսյանի խնամին է՝ քրոջ սկեսրայրը։ 

Խնձրցյանի աշխատասենյակում՝ հենց պաշտոնյանի գլխավերևում իրավապահները տեսանկարահանող սարք էին տեղադրել, որով էլ ֆիքսել են, թե ինչպես են շինարարական ընկերությունների պատասխանատուները մտնում և ենթադրյալ կաշառք տալիս նրան։

Գյումրու մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենը, իրականում, Խնձրցյանի՝ իրավապահ մարմինների հետ համագործակցելու արդյունքում է եղել։ Ասացին՝ Խնձրցյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ. երբ վերջիններս իմացել են, որ նա նման կոռուպցիոն գործարքների մեջ է, ուստի առաջարկել են, իր պատիժը հետագայում մեղմացնելու դիմաց, հավանաբար, համաձայնել տալ այն անձանց անունները, որոնք իր հետ պարբերաբար նման գործարքների մեջ են մտնում։ Ու չի բացառվում՝ հենց նրա գիտությամբ է իր գլխավերևում տեսանկարահանող և գաղտնալսող սարք տեղադրվել, քանզի տեսագրություններում, ինչպես մեզ պատմեցին, երևում է, որ Խնձրցյանը շատ լարված և ոչ բնական է իրեն պահում։ 

Առհասարակ, ծիծաղելի է թվում ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ կաշառք վերցնելն ու դրա մեղադրանքով մարդկանց ձերբակալելը։ Բայց դա Խնձրցյանի մոտ նախ՝ պարբերական բնույթ է կրել, ասացին՝ անգամ 20 հազար դրամից սկսած են նրան գումար առաջարկել, և հետո դա եղել է ոչ թե խոշոր գործարքի դիմաց ստացվող գումար, այլ ընդամենը շինաշխատանքների ավարտական ակտն ընդունելու կամ նմանատիպ այլ բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու դիմաց գումար։ Իսկ, օրինակ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանի կողմից 140 հազար դրամ Խնձրցյանին տալու գումարը, ասացին, ավելի շատ «մի կտոր հաց ուտելու» գումար է եղել, քանզի հազիվ թե կոռուպցիոն գործարքի համար ընտրեին հենց պաշտոնյայի աշխատասենյակը։ 

Մասնավորապես, ինչ-որ թղթեր ստորագրելուց և ավարտելուց հետո Խնձրցյանն Ադամյանին առաջարկել է, թե «չգնա՞նք մի կտոր հաց ուտենք», Ադամյանն էլ գրպանից հանել է հինգ հատ 20 հազար դրամանոց ու դրել սեղանին՝ որպես «կդորըմ հաց ուտելու» փող, ապա, տեսնելով Խնձրցյանի դեմքի ոչ այդքան գոհ արտահայտությունը՝ ևս երկու հատ 20 հազարանոց է գցել սեղանին։ Հետո հաց կերե՞լ են միասին, թե՞ ոչ, հայտնի չէ։ 

Ի դեպ, վերջերս Ազատան-Գյումրի ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները հենց Արտակ Ադամյանի ղեկավարած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է կատարել, թեպետ այդ ճանապարհով անցնող-դարձողներ կան, որ դժգոհում են ճանապարհի որակից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս գործի մասին Mediahub-ին ասացին, որ գործով կա վեց մեղադրյալ, որոնցից երեքի նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, իսկ մյուս երեք մեղադրյալներից մեկի նկատմամբ, որն Արտակ Ադամյանն է, կիրառվել է տնային կալանք։ Մյուս երկուսը ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ 

Վահե Մակարյան