Արցախը պահել օրակարգում

Արցախը պահել օրակարգում

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը․ այս մասին այսօր հայտնել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի կորստից 9 ամիս անց այն վերաբացվում է՝ «Արցախ» հեռուստատեսություն անվամբ։

Արցախի հեռուստատեսությունը 35 տարի շարունակ եղել է շարժման, պատերազմի, Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանների, ծաղկունքի ու վերելքի վավերագիրը։ Եթերն ընդհատվեց, սակայն, 2023 թվականի պատերազմի օրերին, երբ Ադրբեջանն առաջինը հրթիռակոծեց հեռահաղորդակցության աշտարակը։

Լրագրող Նարեկ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ քանի որ Հայաստանում արդեն կա Հանրային հեռուստատեսություն, այդ իսկ պատճառով հեռուստատեսությունը անվանել են «Արցախ»։

Նրա խոսքով` իրենք ստեղծել են «10-րդ նահանգ» լրագրողական կազմակերպություն, որի առաջին ծրագիրը Արցախ TV-ն է.

«Լրատվականն աշխատելու է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական սոցիալական էջերով, որոնք արդեն վերանվանվել են «Արցախ» »,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք ունեն այդ իրավունքը՝ օգտվել Արցախի հանրայինին պատկանող լոգոտիպից, արխիվից և արխիվային նյութերից։

«Մեր հիմնական նպատակն է օպերատիվ և օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել արցախցիներին, պարբերաբար բարձրացնել իրենց հուզող հարցերը ու խնդիրները»,- ասաց Նարեկ Սահակյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նպատակային դիրքորոշումը նաև այն է, որ  ուշադրության կենտրոնում պահեն հիմնականում արցախյան թեման, հոգատարություն ցուցաբերեն արցախյան մշակույթի, բարբառի նկատմամբ, որոնք միտված են արցախցիների ինքնության պահպանմանը։

««Արցախ» լրատվականը իր գործունեությունը ծավալելու է յութուբյան, ֆեսբուքյան, տելեգրամյան և ինստագրամյան էջերում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Վիկա Աբգարյան