«Հավաստի տեղեկությունների» «արքան»

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու՝ այսինքն ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին ՀՀ-ում են գտնվում բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Արտառոց բան է, որ երկրի ղեկավարը հղում է անում ոչ թե փաստերին, պետական խողովակներով ստացված տեղեկատվությանը, այլ՝ «հավաստի լուրերին»: Սրանով, Հայաստանը, թերևս, բացառիկ մի երկիր է, բայց Փաշինյանի մասով համոզվել ենք, որ նա մնացել է լրագրողի մակարդակին՝ այդպես էլ չդառնալով պետական այր:
Բայց այս պատմության մեջ արտառոցն այլ է:
Դա այն է, որ Փաշինյանը սկսել է բացահայտորեն թշնամական օրակարգ գեներացնել, անուղղակիորեն կատարել Ալիևի խոսնակի անշնորհակալ գործը: Ու սա առաջին դեպքը չէ: Ընդամենը մեկ օր առաջ, երբ նա ոտնձգել էր Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ, բոլորս հասկացանք, որ փորձում է առաջ տանել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Ալիևի, Էրդողանի առջև:
Կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որի ղեկավարը ոչ թե սեփական երկրի օրակարգի մասին է խոսում, ոչ թե մտածում է իր քաղաքացիների ու հայրենակիցների անվտանգության մասին, այլ միջակ լրագրողի համառությամբ տարածում է թշնամական օրակարգեր:
Չկա, իրապես որ՝ Նիկոլի Հայաստանը «արտառոց» է:
Վահրամ Բագրատյան