Իշխանությունը պետք է անունները հրապարակի. թե ուշացնեն՝ ես եմ հայտարարելու. Սամվել Բաբայան

Իշխանությունը պետք է անունները հրապարակի. թե ուշացնեն՝ ես եմ հայտարարելու. Սամվել Բաբայան

Այո, պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը պադվալային պայմանավորվածությունը կատարի․ 8 հոգով հավաքվել են, փողոցում ինչ-որ պադվալ գտել, մտել, Հարությունյանն ասել է՝ հրաժարական եմ տալիս ու լրատվականներն էլ դա տարածել են, բայց բացարձակ անուն չեն տվել, թե ո՞վ պետք է իրեն հաջորդի, ո՞վ է փոխարինելու։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ո՞նց կարող են 8 հոգով որոշեն, որ նախագահը հրաժարական է տալիս ու հաջորդողի անունը չասեն, շների՞ն են տալիս իշխանությունը։ Ասեք այդ անունը, հետո տվեք այն նախարարների անունները, որոնք հերթ էին կանգնել Ղարաբաղը փաթեթով հանձնելու համար։ 25 տարի երկիրն այս վիճակին են բերել, հիմա էլ Արցախը որպես զոհ տալիս են, որ Հայաստանում իշխանություն ստանան։ Էս մարդիկ արդեն խեղդվում են, էդ անունները չեն ուզում լսել, բայց ժողովուրդը իրավունք ունի, չէ՞, իմանա, ով է նախագահ լինելու, ովքեր են նոր նախարարները»,-ասաց նա։

Հարցին՝ Բաբայանն ո՞ւմ է տեսնում Արայիկ Հարությունյանի փոխարեն, վերջինս արձագանքեց․

«Չգիտեմ, այնտեղ չեմ էլ եղել, որ հնարավոր անուններին ծանոթ լինեմ։ Բայց իշխանությունը պետք է հրապարակի, թե ովքեր են եղել այդ 8 անձը։ Ես գիտեմ, թե ովքեր են, բայց ուզում եմ, որ իրենք ասեն, եթե ուշացնեն, ես եմ հայտարարելու անունները»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօր հնչեցրած  հայտարարության մասին, թե Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ, վերջինս շեշտեց․

«Չգիտեմ՝ Փաշինյանն ինչի մասին է խոսում, բայց ենթադրում եմ, որ խոսում է ռուսական անձնագրերով դուրս եկողների և չվերադարձողների մասին, որովհետև որևէ արցախցի դուրս չի գալու իր տնից՝ ճանապարհը միակողմանի բացվի, երկկողմանի բացվի, մենք դուրս եկողը չենք, հայավարի ապրել ենք, այդպես էլ շարունակելու ենք»,-շեշտեց Բաբայանը։

Լիաննա Թորոսյան