Բռնության գործիք, անունը՝ ոստիկանություն

Բռնության գործիք, անունը՝ ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, ով ձեռք է բերում Հայաստանի ամենաավտորիտար պաշտոնյայի իմիջ: 

Ծեծել են մտավորականի 

Ոստիկանական բաժանմունքում քաղաքացու են խոշտանգել, ահազանգում են իրավապաշտպաններն ու հարազատները։ Ծեծվածը քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանն է։ Նրա կինը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է իրենց տան առջև պարեկների հետ հրմշտոցից, որի ընթացքում նաև ինքն է վնասվածք ստացել:

Տան առջև նոյեմբերի 19-ին կեսգիշերն անց սկսած վիճաբանության պատճառով Էդուարդ Վանեսքեհյանը ոստիկանություն էր տեղափոխվել։ Բաժանմունքում ոստիկաններն նրան այնպես են ծեծել, որ անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Վանեսքեհյանը հարվածել է պարեկներին ու պոկել նրանցից մեկի համազգեստի տեսախցիկը։ Հիմա նա կալանավորված է, չի ընդունում մեղքը։ 

«Գործ սարքողները» 

Փաստորեն ոստիկանները ոչ միայն քաղաքացուն խոշտանգում են, այլ նաև նրա վրա «գործ» են «սարքում»՝ «հին, բարի» ավանդույթների համաձայն:

Այս ամենում մեծ է Վահե Ղազարյանի «վաստակը», ինչի համար նա մի օր պատասխան է տալու իրապես իրավական երկրում:

Վահրամ Բագրատյան