«Հեղափոխական» հովանավորչություն

«Հեղափոխական» հովանավորչություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, որը փաստացի զբաղված է «հեղափոխական» հովանավորչությամբ: 

Պետության հաշվին՝ անձնական հարցեր 

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել է. «Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման»: 

Աղբյուրը տեղեկացել է, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: 

Ի՞նչ կաներ ընդդիմադիր Փաշինյանը 

Երբ հովանավորչության նման դրսևորումների ենք հանդիպում, առաջինը մտածում ենք, թե տարիներ առաջ դրան ինչպես կվերաբերեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Ճիշտ եք, անարգանքի սյունին կգամեր «կոռուպցիոներ» Ռուբինյանին, նրա անունը չէր իջնի «ՀԺ» էջերից՝ մինչև, որ «նախկին հանցագործ ռեժիմը» աշխատանքից հեռացներ Ռուբինյանի աներոջը:

Վարչապետ Փաշինյանն այդպես չի վարվում, ինչից ենթադրում ենք, որ նա դավաճանել է հեղափոխության արժեքներին:

Վահրամ Բագրատյան