Դեսպանին հետ կանչելու Ուկրաինայի նախագահի որոշումն անհասկանալի է․ Վրաստանի կառավարություն

Դեսպանին հետ կանչելու Ուկրաինայի նախագահի որոշումն անհասկանալի է․ Վրաստանի կառավարություն

Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին։ Պատճառներից մեկն այն էր, որ պաշտոնական Թբիլիսին ինքնաթիռի վայրէջքի թույլտվություն չի տվել, որպեսզի վրացի կամավորները թռչեին Ուկրաինա։ Վրաստանի կառավարության համար անհասկանելի է դեսպանին հետ կանչելու Զելենսկու որոշումը:

«Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ, ցավոք, չեն դադարում Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերն ու սադրանքները, որոնցում անմիջականորեն ներգրավված են ապակառուցողական ընդդիմությունը և «Ազգային շարժումը»։ Նրանց նպատակը մեր երկրի տարածքում ռազմական գործողություններ սանձազերծելն է։ Երեկվա կամավորների՝ չարտերային չվերթով Ուկրաինա մեկնելու ցուցադրական փորձը սադրանք էր։ Սա կազմակերպել էր «Ազգային շարժումը» և կընկալվեր որպես Վրաստանի անուղղակի մասնակցություն պատերազմին: Այս ամենը հաշվի առնելով՝ անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ հետ կանչելու դեսպանին Վրաստանից։ Չնայած այս որոշմանը, Վրաստանը շարունակում է և կշարունակի իր հնարավորությունների սահմաններում քաղաքական աջակցություն և մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային», - ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա  Դարչիաշվիլիի հայտարարության մեջ:

Այս ֆոնին վրացական ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է հայտարարել, որը պետք է սկսվի ժամը 19:00-ին։ Հիմնական պահանջը վարչապետի հրաժարականն է: