ԶԼՄ-ների թշնամիները

ԶԼՄ-ների թշնամիները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է, ում հետևողական ջանքերով լրագրողներից մեկը զրկվել է խորհրդարանական հավատարմագրումից: 

Զրպարտություն և ռեպրեսիա 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը Հայկուհի Հարությունյանին սատարող հրապարակումներ էին արել՝ մանրամասնելով, որ ՔՊ պատգամավորները ընտրությունից 3 օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, գաղտնի հանդիպում էին ունեցել  Հարությունյանի հետ եւ փորձել ճնշել սահմանադրական անկախ մարմինը ղեկավարած թեկնածուին:
Դրան ի պատասխան Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից «խրոխտ» հայտարարություն է արել. «Գիտենք՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում. փողը տալիս են, պատվիրում են եւ պախարակում պաշտոնյաներին»:
Ի դեպ, խոսքում տրվել է նաև «Ժողովուրդ» օրաթերթի անունը:
Հետո, իրադարձությունները ծավալվել են սովորական դարձած ընթացակարգով. դեկտեմբերի 15-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրություն է ուղարկել մեյլով՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»: 

Անշնորհք «ավտորիտարիզմ» 

Իշխանություններն իզուր են «թիթիզություն» անում, «դեմոկրատիա- դեմոկրատիա» խաղում, նրանք իրապես ավտորիտար են՝ իրենց արժեհամակարգով, էությամբ, վարքագծով: Առաջարկում եմ ԶԼՄ-ների դեմ նման ծիծաղաշարժ մոտիվներով պայքարելու փոխարեն՝ լրջորեն ուսումնասիրել ավտորիտար երկրների փորձը ու երկրում ներդնել «հայկական ավտորիտարիզմի» մոդելը: Աննախադեպ մոդելը:

Վահրամ Բագրատյան