Եթե դու ռուսին քշում ես, մնում ես թուրքի տիրապետության տակ․ Վազգեն Մանուկյան

Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձևով հնչել էր, շատ նորություն չէր․ այսինքն՝ մնում է այն հին վիճակը, որ բոլոր բանակցությունների ժամանակ խոսվել է Արցախի անկախության դիմաց տարածքներ զիջելու մասին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին։

Նրա խոսքով, հիմա Պուտինի անդրադարձը նշանակում է, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է՝ Արցախի հարցը չի քննարկվում, ուղղակի դրվում է հետ, իսկ ՌԴ-ն չի հրաժարվում Արցախի հարցի հետագա քննարկումից, ինչը դրական է։

Հարցին, թե հնարավո՞ր է Սոչիի հանդիպման ընթացքում ՌԴ-ն վաշինգտոնյան պլանի այլընտրանք առաջարկի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող ենթադրությունների լեզվով խոսել։

«Դիրքորոշումները պարզ են․ ճանաչելով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շահերը՝ ես հասկանում եմ, որ վաշինգտոնյան պլանին ՌԴ-ն պիտի չհամաձայնի»,- նշեց նա։

Մանուկյանի դիտարկմամբ՝ այս դեպքում զարմանք են առաջացնում Հայաստանում տիրող հակառուսական տրամադրությունները, քանի որ մենք նշում ենք, որ ՌԴ-ն վստահելի չէ՝ Ադրբեջանի հետ մտերմանալու պատճառով։

«Այսինքն՝ դու ՌԴ-ին մեղադրում ես, քանի որ ինքը քո թշնամու հետ լեզու է գտել։ Այդ դեպքում էլ, իբր, Արևմուտքը պիտի գա փոխարինելու ՌԴ-ի՞ն։ Չէ՞ որ Արևմուտքն էլ է շահագրգռված թուրքական շահն առաջ տանելով։ Բայց վերջում Թուրքիայի հակամարտությունը ռուսների հետ է լինելու, քանի որ Թուրքիան փորձում է այստեղ, այս տարածաշրջանում, իրավիճակ փոխել։ Եթե դու ռուսին քշում ես, մնում ես թուրքի տիրապետության տակ»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։