Հոկտեմբերի 30-ի Արցախի հանրահավաքից հետո մենք մեր քայլերի հերթականությունը կասենք․ Սաղաթելյան

Ամեն ինչ շատ հստակ է, և այդ մասին մենք նաև ԱԺ հայտարարությունների ժամին ենք ասել․ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքն  ու մանդատը՝ միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը։

«Դա միայն Արցախի հարց չէ, Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է։ Այն, ինչ բերում է այս խեղկատակը մեր երկրի ու ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է կանխել ու կասեցնել»,- ասաց Սաղաթելյանը, ապա նշեց՝ երկիրը նոր կապիտուլյացիայից փրկելու միակ ճանապարհը հանրային, համահայկական ընդվզումն է։

Դիտարկմանը, որ հոկտեմբերի երեսունին Արցախում հանրահավաք է լինելու, ի՞նչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց՝ իրենց պայքարը որևէ կերպ կանգ չի առել․ 

«Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք ու կներկայացնենք պայքարի այն ձևերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք»։

Ըստ Սաղաթելյանի՝ կա հստակ փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, և որով, ըստ էության, Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում։

«Մենք, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ամեն տեղ մի բան չենք ասում։ Մեզ համար դա կարմիր գիծ է, չի կարող լինել մի տարբերակ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Էդ մենակ Նիկոլն ու իր սպասարկողները կարող են ժուլիկություններ անել ու ժողովրդին հակառակը ներկայացնել։ Սրանց քայլերն արդեն ձեռառնոցի են, ժողովրդին ձեռք են առնում»,- նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։