Ալիևը պահանջում է մոռանալ Արցախը, մեր իշխանությունն էլ հլու-հնազանդ ենթարկվում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը փորձի խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Թշնամի պետության նախագահը նշել է՝ այդ դեպքում իրենք էլ կարգավիճակ կպահանջեն Սյունիքում ապրած ադրբեջանցիների համար։ Ավելին, Ալիևը շեշտել է, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ կարգավիճակի մասին խոսք չպետք է լինի։ Թշնամի պետության ղեկավարի հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի է կոշտացել՝ նկատում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, ապա հավելում՝ այդ ամենը պայմանավորված է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ։

Իսկ ի՞նչ է անում հայաստանյան իշխանությունը․ Արցախի կարգավիճակի մասին, ըստ էության, չի խոսում, կամ էլ խոսում է, բայց կարգավիճակի հարցը նպատակից միջոց դարձնելու մասին։

Այսինքն՝ այս հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ունեն կոնսենսուս։ Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան` մեր կողմը նոր թեզեր է շրջանառում։ ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը Արցախում, մեղամ ասած, չի ընդունվել։ Ավելին՝ մեր իշխանությունը չի փորձում անգամ օրակարգ բերել Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հարցը։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ևս վստահեցնում է՝ հայկական կողմի բանակցության առանցքում եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ նաև կարգավիճակի հարցը։ Եվ այս դեպքում, ըստ նրա, ավելի ճիշտ է զերծ մնալ աբսուրդի հասնող հայտարարություններից, որոնք արվում են, իբր թե պատերազմը կանխելու համար։ Ալիևի՝ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու պահանջը, ինչպես նաև` նոր պատերազմի սպառնալիքը, Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից որևէ արձագանք չի ստացել։