Եթե այդ սպանությունները կենցաղային հարցի պատճառով են, ապա Փաշինյանը կենցաղային իր է. մասնագետներ

2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց Հայաստանում կրակոցներ են հնչում, նախնական տվյալներով` որսորդական հրացանով սպանվում է 1 քաղաքացի, վիրավորվում 6-ը, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի կյանքը՝ թելից է կախված․ չորս հոգի էլ բավականին ծանր վիճակում հիվանդանոցում է։

Հարց է ծագում՝ ո՞ւր կորան Փաշինյանի խոստումները, ինչո՞ւ են ժողովրդավարության բաստիոն Հայաստանում սպանում մարդկանց՝ իրենց կարծիքը հայտնելու համար։

Հատկանշական է, որ կրակոցները կապվում են նաև Հարսնաքարի դեպքերը անընդհատ մատնանշող, «պրիվետ Ռոբ» բառակապակցությունն ամեն առիթով օգտագործող քաղաքական թիմի անդամներից մեկի՝ Մաթևոս Ասատրյանի հարազատի հետ, որը սրտին մոտ է ընդունել Փաշինյանի հասցեին հնչեցրած հայհոյանքներն ու որոշել է հաշվեհարդար տեսնել։

Ինքը՝ Մաթևոս Ասատրյանը, կտրականապես ժխտում է տարածվող լուրերը. իր հարազատը որևէ առնչություն չունի երեկ տեղի ունեցած դեպքերի հետ։

Դեպքի առնչությամբ Ոստիկանությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վեճն ու դրան հաջորդած կրակոցները ծագել են կենցաղային հարցի շուրջ քննարկումներից։

Տարածված հաղորդագրությունն, ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, խնդրահարույց է և պարունակում է քաղաքական ենթատեքստ։ Բացի այդ, ո՞վ ասաց, որ Փաշինյանին հայհոյելը կենցաղային հարց չէ։ Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Արդարադատություն կլինի՞, մասնագետները թերհավատ են։