Վաճառողները չեն լքում փողոցները, քաղաքային իշխանությունն էլ հստակ որոշել է` ապրանքը բռնագրավելու է

Մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա առևտուր իրականացնողներից մեկի արձագանքն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շրջանառած նախագծին, ըստ որի՝ համայնքային իշխանություններին իրավունք կտրվի բռնագրավել փողոցում վաճառվող ապրանքը։

Վաճառողները նշում են՝ ապրուստի միջոց հոգալու իրենց տարբերակն էլ դա է, լավ օրից չէ, որ ամառ-ձմեռ փողոցում կանգնած առևտուր են անում։ Ավելին, իրենք պատրաստ են վճարել իրենց զբաղեցրած տարածքի համար։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ իրենք մարդկանց աշխատելուն և օրվա հացի խնդիրը հոգալուն ամենևին էլ դեմ չեն։ Միայն թե վաճառքը պետք է իրականացվի սահմանված վայրից, որպեսզի ո՛չ մարդկանց առողջությունը վտանգվի՝ արևի տակ պահվող մթերքից, ո՛չ էլ մայրաքաղաքը վերածվի բաց երկքնի տակ գործող մեծ շուկայի։ Սրա բացատրությունն էլ կա․ վաճառողն այնտեղ պետք է լինի, որտեղ իր հաճախորդն է։

Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ արդար չի լինի վաճառականների քմահաճույքները բավարարելու համար մայթերն այս վիճակում թողնելը։

Քաղաքապետարանից նշում են՝ շրջայց, զգուշացում, պահանջ, հորդոր, խնդրանք, անգամ տուգանք ու արձանագրություն կազմել․ այս ամենը գրեթե արդյունք չի տվել, ավելին, հաճախ ավարտվել է կոնֆլիկտով, ուստի, նոր օրենքի նախագիծ բերելուն այլընտրանք չի եղել։

Նման մի դեպք հենց այսօր է գրանցվել, երբ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ծաղիկ վաճառող քաղաքացին փորձել է մկրատով վնասել քաղաքապետարանի աշխատակցին։

Փողոցում վաճառվող ապրանքը բռնագրավելու վերաբերյալ օրինագիծը վերաբերում է բոլոր համայնքներին։ Այն դեռևս հանրային քննարկման փուլում է։