Ավինյանի Պոլիտեխնիկ գնալը ընտրությունների հետ կապ չունի․ Կոստանյան 

Ավինյանի Պոլիտեխնիկ գնալը ընտրությունների հետ կապ չունի․ Կոստանյան 

Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր հանդիպել է ուսանողների հետ։ 
MediaHub-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ հանդիպման թեման ընտրությունները չեն եղել։ 

«Տիգրան Ավինյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահն է և ի պաշտոնե՝ հանդիպել է ուսանողների հետ»,-ասաց նա։ 

Կոստանյանը փոխանցեց նաև, որ Վարդավառին բուհի ուսանողները մասնակցել են քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը, մասնակցել են արձանների լվացմանը, Ավինյանը վերջիններիս պետք է շնորհակալագրեր հանձներ, որը ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է։ Շնորհակալագրերը այսօր են փոխանցվել։

Հիշեցնենք, այսօր Երևանի ավագանու նախընհտրական քարոզչության վերջին օրն է: Եվ մեկնաբանությունները, թե ինչու հենց այսօր Ավինյանը որոշեց հանդիպել ուսանողներին, երբ երեկոյան մեծ հանրահավաք է ՔՊ-ն անելու, իսկ ինքը Հ1-ում Պետրոս Ղազարյանի հյուրն է լինելու, թողնում ենք ընթերցողին:

Ընդամենը հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: 

Հասկանալի է, որ ընտրություններից  ընդամենը երկու օր առաջ Ավինյանի՝ ուսանողների հետ հանդիպումը չի կարող քաղաքական երանգ չունենալ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում տեղի էր ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։

Լիաննա Թորոսյան