Եթե իշխանափոխություն չլինի՝ նույնն է լինելու և անգամ ավելի վատ․ Հակոբյան 

Եթե իշխանափոխություն չլինի՝ նույնն է լինելու և անգամ ավելի վատ․ Հակոբյան 

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է 2 օր։ Ովքե՞ր են ֆավորիտները, արդյոք կփոխվի Երևանի ապագանու քաղաքական ուղղվածությունն այս ընտրություններից հետո և կարող է արդյոք մասնակցողներից մեկը վարչական ռեսուրսի հաշվին առաջ անցնի. այս ամենի շուրջ MediaHub-ը զրույցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Ես կարծում եմ, որ ֆավորիտները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է, «Ազգային առաջնթաց»-ն ու ՔՊ-ն։ Իսկ հետո, կարծում եմ, կլինի «Մայր Հայաստան»-ը և այս չորսը պայքարելու են հաղթանակի համար։ Կան գուցե մեկ կամ երկուսը, որոնք պայքարում են հիմա և գուցե անցողիկ շեմն էլ անցնեն։ Բայս ամեն դեպքում դժվար է գնահատել, քանի որ 4%-ի և 3,5%-ի միջև ընդամենը մի քանի հազար ձայն է լինելու։ Կարծում եմ, այս 4 ֆավորիտները ամենաշատ ձայնն են վերցնելու»,- նշեց Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, Ավինյանը շատ քիչ վարկանիշ ունի և նույնիսկ վարչական ռեսուրսի հաշվին, որը նույնպես անվերջ չէ, գուցե ընդամենը 13% հավաքի։ Եվ այս ձայները, նրա խոսքով, ոչ թե փողով, այլ մեկին մի բան խոստանալով, մյուսին վախեցնելով և ուժային կառույցների միջոցով մարդկանց դրդելով է ստանալու։ Բայց նույնիսկ այս դեպքում Հակոբյանը չի կարծում, որ Ավինյանը մոտ կլինի 50+1-ին, և իր միակ հույսը կարող է լինել ընտրողների ցածր մասնակցությունը։ 

«Եթե իշխանափոխություն լինի՝ Երևանի ապագան էլ կփոխվի։ Այն ապագան, որ խոսք են տվել 2021 թվականի ընտրություններից հետո, մենք արդեն տեսնում ենք։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք տեսնում ենք իրենց խոստացած ապագան՝ զոհերով, նվաստացումներով, կոռուպցիայով և այլն։ Եթե իշխանափոխություն չլինի՝ ոչ միայն Երևանի ապագան չի փոխվի, այլ նույնն է լինելու և անգամ ավելի վատ»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, բոլոր ոչ իշխանականները, իրենց ձայներն ապահովելուն զուգընթաց, պետք է ամեն ինչ անեն, որ ընտրողների մասնակցության թիվը լինի շատ բարձր, այդ դեպքում իշխանությունը 50+1 արդյունքին հասնելու օրինական ոչ մի շանս չունի, անգամ վարչական ռեսուրսները չեն փրկի։

Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք, նրանք բոլորը գրանցվել են ու նրանցից որևէ մեկն այդպես էլ ինքնաբացարկ չհայտնեց: Վաղը Երևանում լռության օր է, կիրակի առավոտյան ժամը 08:00-ից կբացվեն ընտրատեղամասերը:

Մարիաննա Արամյան