100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները՝ լուսանցքից դուրս. նոր բողոք ԿԳՄՍՆ-ից

Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի ուսուցիչները MediaHub-ին ահազանգում են, որ ուսումնական տարվա առաջին ամիսն իրենց համար «անակնկալներով լի» է եղել․ Հանրապետության շուրջ 232 դպրոցներ, այդ թվում՝ Շիրակի մարզի բազմաթիվ դպրոցներ, որոնք ունեն 100-ից պակաս աշակերտներ, չեն օգտվելու ֆինանսավորման նոր կարգից։
MediaHub-ի հետ զրույցում Աղինի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկը պատմեց, որ դպրոցը 52 աշակերտ ունի և անհասկանալի է, թե ինչու այն դուրս մնաց ֆինանսավորման նոր կարգի ցանկից։
«Հանրապետության շատ դպրոցներ նոր կարգով են ֆինանսավորվում, այսինքն, դասղեկությունը, մեթոդմիավորումը, խմբակները դրույքի 10 տոկոսն են համարվում։ Մեզ սկզբում ասել էին, որ մեր դպրոցը նույնպես այս համակարգով է ֆինանսավորվելու, որը ենթադրում է, որ երկկոմպլեկտ դասարանները 1 ժամ դասապրոցեսի դիմաց պետք է վճարվեն 1,5 ժամվա համար։ Բայց երկու օր առաջ մենք ծանուցվում ենք, որ այդ ֆինանսավորումից դուրս ենք։ Բնականաբար, որևէ պատշաճ հիմնավորում չենք ստացել։ Ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, բայց նույն ժամանակ հենց մեր հարակից գյուղերի դպրոցները, որոնք նույն պատկերն ունեն, այսինքն 100-ից պակաս աշակերտ է սովորում դպրոցում, օգտվում են նոր կարգից, մենք՝ ոչ։ Ինչ-որ մեկը սրա բացատրությունն ունի՞»,-մանրամասնեց ուսուցիչը։
Ուսուցիչների համար անընդունելի է, որ այս որոշումը երկար ժամանակ գաղտնի է պահվել իրենցից, հիմա իրենց հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով և ի՞նչ չափանիշներով է ընտրվել մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ցանկը, ի՞նչ տարբերություն, որ մի դպրոցի ուսուցիչը կարող է օգտվել, իսկ մյուսը՝ ոչ։
Մանկավարժներին բարկացնում է այն փաստը, որ հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղը անտեսվում է իր խնդիրներով։
Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ այս խնդիրը նամակով հասցեագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:
Լիաննա Թորոսյան