Հայաստանում սուգ հայտարարելու մասին Փաշինյանի որոշումը հակաօրինական է

Հայաստանում սուգ հայտարարելու մասին Փաշինյանի որոշումը հակաօրինական է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ՝ «Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:»:

Որպես որոշման հիմք՝ նշեվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝, որն է՝ «Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ:»:
Այսինքն, նախ ֆիքսենք, որ սուգ հայտարարելու հարցը դիտարկվել է ընդամենը որպես կազմակերպչական բնույթի հարց:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ կետի 1-ին ենթակետի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», այսինքն, վարչապետը կարող էր սուգ հայտարարել բացառապես կոնկրետ նման լիզորություն ունենալու պարագայում, ինչը, ըստ էության, ՀՀ օրենդրությամբ բացակայում է:

Հատկանշական է, որ վերոնշյալ հայեցողական լիազորությունը՝ կազմակերպչական հարցերով որոշում ընդունելու մասին, Վարչապետի աշխատակազմը կիրառում է ամեն պատեհ-անպատեհ առիթներով, օրինակ՝ որևէ պաշտոնյայի գործուղում ուղարկելու դեպքում, և հիմա սուգ հայտարարելու մասին նմանօրինակ որոշում կայացնելը, որը վերապահված չէ վարչապետին, կրկին գալիս է փաստելու, որ Հայաստանում շարունակվում է իրավական քաոսն ու անարխիա:

Առաջին հայացքից, կարող է այս օրհասական օրերին ոչ շատ էական հարց թվալ հակաօրինական որոշում կայացնելը, սակայն հենց այսպիսի խնդիրներից են ի հայտ գալիս հանրային կյանքի բոլոր ոլորտները պղտորած ու ապականած անօրինությունները, առավել ևս, որ ըստ Մայր օրենքի հենց առաջին հոդվածի՝ ՀՀ-ն նաև իրավական պետություն է:

Վահրամ Բագրատյան