Արթիկում բերքը չորացման եզրին է, ոռոգման ջուր չկա, ջրամբարի պաշարները պահում են խմելու համար

Արթիկում բերքը չորացման եզրին է, ոռոգման ջուր չկա, ջրամբարի պաշարները պահում են խմելու համար

Այսօր վաղ առավոտյան Արթիկ խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Պատճառը ոռոգման ջրի խնդիրն է․ մեծամասամբ գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքում մարդիկ օրեր շարունակ չեն կարողանում ջրել իրենց դաշտերը։

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ մարդիկ ճարահատյալ են փակել ճանապարհը, ոռոգման ջուր չունեն ու չգիտեն` ինչ անել։

«Այս խնդիրը մեզ հասցեագրված հարց չէ, «Ջրպետկոմ»-ը պետք է այդ հարցին լուծում տա։ Այսպես չի լինի, ամռան կեսին, այս շոգ եղանակին բերքը չորանում է։ Ճիշտ է, մարդիկ մեկ-երկու անգամ ջրել են դաշտերը, բայց հիմա էլ դրա կարիքը կա։ Բույսը տասը-տասնհինգ օր չջրվելու դեպքում չորանում է»,- նշեց Սուքիասյանը։

Նա տեղեկացրեց, որ համայնքապետարանի գյուղատնտեսության վարչության պետն ու Արթիկի ոստիկանապետը գյուղացիների հետ հանդիպել են, ճանապարհը բացվել է։

«Հիմա պատասխանի ենք սպասում, Երևանից ասել են, որ մինչև երեկոյան վեցը պատասխան կստանանք, թե երբ են տալու ջուր, կամ ընդհանրապես, տալո՞ւ են»,- նկատեց նա։

Արա Սուքիասյանը նշեց, որ համայնքի հողերը ոռոգվում են Մանթաշի ջրամբարից, որը հանդիսանում է նաև խմելաջրի աղբյուր։

«Այսինքն՝ Մանթաշի ջրամբարի ջուրը մենք և՛ խմում ենք, և՛ օգտագործում որպես ոռոգման ջուր։ Այստեղ հարցն այն է, որ այդ ջուրը նաև ձմռան օգտագործման համար պետք է բավականացնի։ Հիմա մենք մարդ ենք ուղարկել ջրամբար, որ ստուգումներ արվեն ու հասկանալի դառնա, թե որքան ջուր է հնարավոր հատկացնել ոռոգմանը»,- ասաց Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը։

Նշենք, որ Մանթաշի ջրամբարը լցվում է Արագածի հալոցներից։ Այն գտնվում է լեռան հյուսիսային փեշին։

«Կարծում եմ, որ դեռ ոռոգման համար ջուր կհատկացնեն։ Ամեն տարի էլ այդ խնդիրն ունենում ենք։ Ջրի խնդիրը լուծում չի գտնում մեզ մոտ, քանի որ, էլի եմ կրկնում, ընդամենը մեկ ջրամբար ունենք։ Ներքևի հողերի համար Հոռոմի ջրամբարն էլ կա, բայց այն այս պահին դատարկ է, իսկ ահա վերևի գյուղերը՝ Մեծ ու Փոքր Մանթաշներ, Սարալանջ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան, մնում են միայն Մանթաշի ջրամբարի հույսին»,- ներկայացրեց Արա Սուքիասյանը։

Նարե Գևորգյան