Եվրոպական միությունն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո

Եվրոպական միությունն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո

Եվրոպական միությունն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։

Ըստ եվրոպական կողմի՝ տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:

Այն ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։ «Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում»։

Որոշման համաձայն՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար: 

ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարևոր տարր է, և որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։

«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշված է ԵՄ խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունում։