Վարդանյան-Բալասանյան հակասությունների հանգուցալուծում. ինչո՞ւ ԱԽՔ-ը հեռացվեց 

Վարդանյան-Բալասանյան հակասությունների հանգուցալուծում. ինչո՞ւ ԱԽՔ-ը հեռացվեց 

Այսօր հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Հայտնի է նաև, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում:

Այս փոփոխությունը բավականին հարցեր է առաջ քաշում, թեև այնպես էլ չէ, որ շատ անսպասելի էր. տևական ժամանակ է շրջանառվում է, որ Վիտալի Բալասանյանի և Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի միջև սուր հակասություններ կան: Եվ գուցե այս հեռացումը հենց դրա կոնտեքստում է՝ Արայիկ Հարությունյանը տուրք տվեց Վարդանյանի պահանջին, հեռացնելով նրա համար անցանկալի անձին: Սակայն, մյուս կողմից էլ, նշանակեց այս ճակատագրական փուլում չափազանց կարևոր այս պաշտոնին յուրայինի՝ Մելքումյանը Արցախի նախագահի մտերիմն է:

Այս փոփոխությունը բավականին խորքային է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2020 թվականի պատերազմից հետո հենց Վիտալի Բալասանյանն էր ուղիղ կապի մեջ ադրբեջանական կողմի հետ, նա էր վարում բանակցությունները, թեև ԱԽ-ից այս իրողությունն ամեն կերպ փորձում էին քողարկել: 

Ստեփանակերտում դեռ չեն շտապում մեկնաբանել այս փոփոխությունը: ԱԺ պատգամավորներից շատերը MediaHub-ի հետ զրույցում ասացին՝ անսպասելի էր, դեռ հասկանալու բաներ կա, նոր կխոսեն:

Սակայն քաղաքագիտական շրջանակներն արդեն իսկ մեկնաբանում են, ընդ որում այն կոնտեքստում, որ այս նշանակումը էլ ավելի է թուլացնելու առանց այդ էլ կազմաքանդված բանակը: Այդ կարծիքին է, մասնավորապես, քաղաքագետ Արա Պողոսյանը.

"Արարատ Մելքումյան մարտական հրամանատարին նշանակել  ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, սա ռեսուրսների վատնման լավագույն ձևն է։ 

Ի դեպ, 2020 թվականից առաջ էր, որ պարոն Մելքումյանը զինվորական ծառայությունից զորացրվեց։

Բանակն էլ ինչպե՞ս գլխատել...",- գրել է  նա:

Սպասենք զարգացումների՝ հիշեցնելով, որ Արցախն արդեն 27 օր է շրջափակման մեջ է և որևէ հուսադրող ազդանշան չկա, որ բանակցություններ են վարվում իրավիճակը փոխելու ուղղությամբ և դրանք դրական ելք կարող են ունենալ...