Իշխանության ուղղահայացի ստեղծո՞ւմ, թե՞...

Իշխանության ուղղահայացի ստեղծո՞ւմ, թե՞...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Մինչ այդ Մելքումյանը զբաղեցնում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

Կադրային այս լուծումն, անկեղծ լինենք, հասունանում էր. արդեն տևական շրջան մամուլը գրում էր Ռուբեն Վարդանյան- Վիտալի Բալասանյան հակասությունների մասին:

Ի դեպ, Վարդանյանը մոտավորապես այս համատեքստում էլ անդրադարձել է Բալասանյանի պաշտոնաթողությանը՝ կարևորելով իշխանության ուղղահայացի ստեղծումը:

«Արցախի ղեկավարությունում սկսել են լուրջ փոփոխություններ։ Հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եվ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել։

Դրանով հանդերձ, բոլորը իհարկե մեծ հարգանով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,- իր թելեգրամյան ալիքում գրել է պետնախարարը:

Հենց այստեղ էլ աչքի է զարնում առաջին հակասությունը, որը գուցե արդեն վերաբերում է Արայիկ Հարությունյան- Ռուբեն Վարդանյան հարաբերություններին:

Վարդանյանն, ըստ էության, ակնարկել է այն մասին, որ «անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել»: Ու սա այն դեպքում, երբ Հարությունյանը նշանակել է ԱԽ նոր քարտուղար:

Մյուս կողմից, Արցախում վերջին շաբաթներին հաստատված փխրուն ներքաղաքական կոնսենսուսը ի չիք է դառնում, որովհետև վերջին երկու օրերին Բալասանյանի կողմնակիցներից բաղկացած «Արդարություն» կուսակցությունը վերսկսել է իշխանության ակտիվ քննադատությունը:
Իհարկե, գոյություն ունի նաև երրորդ վարկած, ըստ որի՝ կադրային այս փոփոխությունը պայմանավորված է Ստեփանակերտի ու Բաքվի հարաբերությունների ավելի սրմամբ: Բանն այն է, որ Վիտալի Բալասանյանն էր ապահովում Ադրբեջանի իշխանությունների հետ տեխնիկական կապը:

Որն էլ լինի ճշմարտությունը, փաստ է՝ Արցախում ձևավորվում է իշխանության նոր կոնֆիգուրացիա՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

 

Վահրամ Բագրատյան