Ինչո՞ւ է հապաղում ընդդիմությունը

Ինչո՞ւ է հապաղում ընդդիմությունը

Այս օրերին, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է իրական ցեղասպանության՝ սովամահության եզրին, ընդդիմության անգործությունը խնդրահարույց և դատապարտելի է։ Ի տարբերություն մեկ-մեկուկես տարի առաջվա իրավիճակի՝ հիմա էլ հո հնարավոր չէ՞ պատճառաբանել, թե ներքաղաքական բևեռացումը սարսափելի խորն է, ինչպես արտահերթ ընտրությունից առաջ էր, և թե, իբր, որևէ կտրուկ գործողության գնալը յուղ կլցնի առանց այդ էլ թեժ կրակի վրա։

Արցախի շրջափակումն ինքնին ամենամեծ ֆորս-մաժորն է, երբ հանրային կյանքի բոլոր նախաձեռնությունները՝ Ամանորից մինչև Երևանի քաղաքապետի ընտրություններ, պիտի մոռացվեն, մի կողմ դրվեն, նույնիսկ չեղարկվեն։ Այս դեպքում ժամանակը ոչ թե ի վնաս վարչախմբի, այլ մեր պետության ու ժողովրդի է աշխատում, և դիտորդի կարգավիճակում այս աղետներին հետևելով՝ շուտով հնարավոր է զրկվենք նաև ոչ միայն փաստացի, այլև անգամ նոմինալ պետությունից։

Ստացվում է՝ կա գլոբալ համաձայնություն, և Բաքուն աշխարհաքաղաքական կենտրոններից ստացել է այդ թույլտվությունը՝ մինչև վերջ ճզմելու Արցախն ու Հայաստանը՝ առանց էական ներքին և միջազգային դիմադրության։ Այս պայմաններում ի՞նչ են անում հայաստանյան քաղաքական ուժերը։ Նախապատրաստվում են նոր ընտրական գործընթացի, հընթացս էլ իրենց վերադաս ուժային կենտրոնների՝ Անկարայի և Բաքվի (իշխանության դեպքում), Մոսկվայի կամ Բրյուսելի հրահանգիչներից ստանում են գործելու կամ չգործելու մեթոդական ցուցումներ, այլ կերպ ասած՝ ամբողջապես ղեկավարվում են դրսի թելադրանքով։

Երկու տարի առաջ նույն ընդդիմության հռետորաբանությունը տրամագծորեն այլ էր՝ շատ ավելի արմատական և աննահանջ։ Ասվում էր, որ Արցախում գործի է դրվել հայոց պետականության դեմոնտաժի թափանիվը, որի ողբերգական հետևանքները՝ հազարավոր երիտասարդների, մի ամբողջ սերնդի նահատակումը, ապա և հայրենահանձնումը ոչնչացրել, խեղել է մեր ապագան։ Ավելին, զգուշացնում էին, որ դրան հաջորդելու է երկրորդ փուլը՝ Արցախի ամբողջական օտարումը, ապա և Սյունիքի կորստի վտանգը։

Այսօր հաստիքային ընդդիմությանը ո՛չ փողոցում ենք տեսնում, ո՛չ էլ խորհրդարանում, չկա ո՛չ պայքարի ծրագիր, ո՛չ էլ հանրային բողոքավոր տրամադրությունները կոնսոլիդացնելու կոչ։ Այն դեպքում, երբ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գլխին դամոկլյան սրի պես կախվել է բնաջնջման վտանգը, և հրատապ ու ոչ ստանդարտ գործողությունների կարիք կա, չի գտնվում պատասխանատվություն ստանձնող գեթ մեկ ազգային ուժ։

Այս վարչախմբի հետ ամեն ինչ պարզ է, այն վաղուց լվացել է ձեռքերն Արցախից ու նույնիսկ Հայաստանի որոշ տարածքներից։ Նրանք ուղղակիորեն ենթակա են թշնամական հրահանգավորմանը։ Եվ իրավիճակի հանգուլուծման ակնկալիքը, բնականաբար, այլ ուժերից է, ընդդիմությունից։ Այս պարագայում՝ սահմանափակվել միայն ընդհանուր բնույթի հայտարարություններով, թե Փաշինյանի իշխանախումբը դեռևս նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո պետք է կամովին հեռանար, հարցը չի լուծում, ավելին՝ վկայում է ընդդիմության թուլության մասին։

Ով էլ այսօր Հայաստանում իշխանության լիներ Փաշինյանի փոխարեն, եթե անգամ այդ աթոռը թափուր մնար, պետությունն առնվազն ավելի ճակատագրական վիճակում չէր լինի, քան այսօր է։ Գոնե նրա հայադավ պնդումները հնչած չէին լինի, և Հայաստանը զգալիորեն շահեկան վիճակում կհայտնվեր։

Սուրբ Ծննդյան պատարագին Վեհափառ Հայրապետի քարոզն ուղենշային էր՝ միտված ազգային-պետական խնդիրների շուրջ համահայկական առանցք ձևավորելուն, ժողովրդի միակամությանը։ Եվ մարտահրավերն ընդունելու դեպքում ընդդիմությունը կարող է ի վերջո իրագործել իր բուն առաքելությունը՝ վռնդել կապիտուլյանտ խմբակին և փրկել պետության խլյակները։

 

Դավիթ Սարգսյան