Ինչպե՞ս ձերբազատվել թշնամական միագիծ կախվածությունից

Ինչպե՞ս ձերբազատվել թշնամական միագիծ կախվածությունից

Ի տարբերություն Փաշինյանի ամանորյա լալկան ուղերձի և Ռուսաստանից դժգոհությունների՝ Ալիևը տարեմուտի գիշերը հերթական անգամ իրեն բնորոշ ոճով մատ թափ տվեց ու բռունցք ճոճեց հայ ժողովրդի վրա՝ համարելով, որ դեռևս մեծահոգաբար է վարվում Հայաստանի հետ։

Նույնիսկ այս պարզ, անթաքույց զգուշացումից հետո ամեն մեկն իր առտնին կյանքով է ապրում, ոտքի կանգնելու, Արցախի հայությանը պատանդառությունից ազատագրելու հույս էլ չկա։ Ո՛չ ընդդիմադիր ակտիվություն է երևում, ո՛չ որևէ հավաք կա, ո՛չ հաղթանակի հավատ, ո՛չ էլ գործելու ոգի ու պատրաստակամություն։ Քաղաքական ուժերը, որոնք 2021-ին գլխապատառ նետվում էին արտահերթի հորձանուտ, տեսնես իրենց հաշիվ տալի՞ս են, որ այս տեմպերով մեկ էլ 2026-ին են ընտրությունների մասնակցելու՝ երեքուկես տարի անց միայն, ընդ որում՝ առանց Արցախի և Սյունիքի։

Ավելին, եթե մի հրաշքով հենց այսօր նոր արտահերթ կազմակերպվի, իշխանությունն էլ փոխվի, տևական ժամանակ հնարավոր չի լինելու ձերբազատվել այս վարչախմբի թողած ավերակներից։ Ժամանակին ինքնիշխանության մասին ամենաբարձրը թմբկահարող գործիչները դավադրաբար թաղել են Հայաստանի ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը և երկիրն ամբողջական կախման տակ են դրել արտաքին ուժային կենտրոններից, այդ թվում՝ հարևան Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս թշնամական միագիծ կախվածությունն է, ահա, որից պետք է ամեն գնով ձերբազատվել։

Ապագա իշխանության արտաքին քաղաքական կրեդոն պետք է լինի առհասարակ Հայաստանի ամբողջական կախվածության, վասալության բացառումը որևէ մեկ երկրից։ Հուսալի ռազմավարական դաշնակցով հանդերձ՝ պաշտոնական Երևանը պետք է վերականգնի և ամրապնդի իր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի, և՛ Չինաստանի հետ։ ԱՄՆ-ին, օրինակ, կարելի է հիշեցնել Հայաստանին զենք առաջարկելու մասին չիրագործված խոստումներն ու ցույց տալ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Արցախը։

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները ևս կարելի էր հօգուտ մեզ ծառայեցնել հատկապես նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ, նյութականացնել ԱՄՆ-ում առկա հակաթուրքական խոսույթը, այն շահարկելով՝ փորձել կանխել նոր հարձակումները, մի խոսքով՝ մանևրել հնարավոր բոլոր ուղղություններով։

Քանի դեռ Հայաստանը միջազգայնորեն մեկուսացած է և հայցում է արտաքին աշխարհի խղճահարությունը, մեզ ոչ ոք չի օգնելու։ Ավելին՝ այդ աղետալի վիճակի, առկա թերությունների, անվտանգության ապահովման կարողության իսպառ բացակայության համար ոչ ոք մեղավոր չէ՝ բացի մեզնից։ Հետպատերազմյան երկու տարում լիուլի հնարավորություն ունեինք ամուր կանգնելու սեփական ոտքերի վրա, վերականգնելու կորսվածն ու տեր լինելու եղածին, աշխատելու և սպառազինվելու։ Ոչինչ չարվեց, բացարձակ ոչինչ։

Այսքանից հետո զարմանքով լսում ես որոշ վայ-մտավորականների, երբ խոսում են հայ ազգի բացառիկության, օժտվածության, չկրկնվող արքետիպի մասին, ինչ-որ հեքիաթներ են պատմում աստվածընտրյալ լինելու, հայ ժողովրդի՝ Հայկական լեռնաշխարհի հենց կենտրոնում ժամանակին բնակություն հաստատելու, այդպիսով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը կամրջելու մասին, բայց աչք են փակում սողացող գոյաբանական վտանգի վրա։ Միայն խոսել, ճառ ասել՝ զանգ կախելու փոխարեն՝ ահա թե ինչն է լավ ստացվում մեզ մոտ։ Աշխատել, տքնել, ունեցածը ներկայացնել, վտանգների և սպառնալիքների մասին պատմել, լուսավորել և լուծումներ առաջարկել՝ ոչ ոք չի համարձակվում։ Նման կարճամիտ էլիտաներով ի՞նչ պիտի փոխվի։

 

Դավիթ Սարգսյան